Խնամքը պարտականություն չէ, այլ աշխատանք. Փորձագետները պահանջում են համակարգային լուծումներ խնամող կանանց համար.

Օգոստոսի 11-ին տեղի ունեցավ «Զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց խնամող կանանց հիմնախնդիրները. հետազոտությունից դեպի համակարգային լուծումներ» թեմայով աշխատաժողովը։

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացված ծավալուն հետազոտության արդյունքները, որոնք վեր են հանում Հայաստանում խնամքի տնտեսության ճգնաժամային վիճակը։

Անտեսանելի աշխատանքի թվերը

Հետազոտության համաձայն՝ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց ընտանիքներում խնամքը հիմնականում կազմակերպվում է ոչ ֆորմալ կերպով և ընկնում է կանանց ուսերին։

Հարցվածների 83.8%-ը նշել է, որ ընտանիքում խնամքի հիմնական բեռը կրում է կին անդամը՝ մայրը, կինը կամ քույրը։ Այս աշխատանքը հաճախ իրականացվում է 24/7 ռեժիմով և ներառում է ոչ միայն ֆիզիկական աջակցություն (հիգիենա, սնունդ, դեղորայք), այլև բարդ կազմակերպչական, իրավական և հուզական գործառույթներ։

 Չնայած դրա ծավալին, հասարակության և պետության ընկալումներում այն շարունակում է դիտարկվել որպես «բարոյական պարտականություն», ինչի հետևանքով մնում է չվարձատրվող և տնտեսապես անտեսանելի աշխատանք։ Իրավական վակուում և տնտեսական կախվածություն Աշխատաժողովի ընթացքում փորձագետ Լիլիթ Չիտչյանը ներկայացրեց շահերի պաշտպանության հայեցակարգը, որտեղ առանցքային էր խնամողների իրավական կարգավիճակի հարցը։ ՀՀ օրենսդրությամբ «խնամողը» ճանաչված չէ որպես առանձին սոցիալական խումբ, ինչը նշանակում է, որ խնամքի վրա ծախսված տարիները չեն հաշվառվում որպես աշխատանքային ստաժ և չեն ձևավորում կենսաթոշակային իրավունքներ։ Սա հանգեցնում է կանանց զբաղվածության կորստի և տնտեսական կախվածության խորացման։ Երբ պետությունը չի ապահովում բավարար համայնքային ծառայություններ, խնամքի իրական ծախսերը փաստացի փոխանցվում են ընտանիքներին՝ կանանց զրկելով մասնագիտական զարգացման և առողջության մասին հոգալու հնարավորությունից։

Որո՞նք են առաջարկվող լուծումները․

Հետազոտության հեղինակներն առաջարկում են անցում կատարել «պարտադրված խնամքից» դեպի «աջակցված և արդար խնամքի» համակարգ։

Առանցքային առաջարկներն են.

  • Իրավական ճանաչում. Խնամքը ճանաչել որպես աշխատանք, սահմանել «ոչ ֆորմալ խնամողի» կարգավիճակ և ապահովել սոցիալական ու կենսաթոշակային երաշխիքներ։
  • Ժամանակավոր փոխարինող խնամք (Respite Care). Ներդնել ծառայություն, որը թույլ կտա խնամող կանանց հանգստանալ, բուժվել կամ զբաղվել անձնական հարցերով։
  • Ծառայությունների ընդլայնում. Զարգացնել տնային խնամքի և անձնական օգնականի հաստիքները, հատկապես մարզերում և գյուղական համայնքներում։

Աշխատաժողովի մասնակիցներն ընդգծեցին, որ այս խնդիրները պետք է դառնան հանրային օրակարգի մաս, քանի որ խնամքի աջակցությունը ոչ թե ծախս է, այլ ներդրում մարդկային կապիտալի մեջ։

Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհով «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Խնամքի արժեք և հանրային բյուջե» ծրագրի շրջանակում: