Այս օրերին Սևան քաղաքի տարբեր հատվածներում սևանցիներն ականատես են լինում նոր խաղամիջոցների տեղադրման աշխատանքներին, որոնք բաղակացուցիչ մասն են այգիների և խաղահրապարակների բարեկարգման և հիմնանորոգման:
Կարևորելով ազատ ժամանցի և անվտանգ հանգստի կազմակերպումը՝ Սևան համայնքը՝ ի դեմս համայնքապետարանի, դեռևս ամիսներ առաջ հանդես է եկել նախաձեռնությամբ, որի արդյունքում Սևան քաղաքի 5 տարածքներում իրականացվելիք բարեկարգման, հիմնանորոգման և կանաչապատման աշխատանքներին զուգահեռ պետք է տեղադրվեն նաև խաղամիջոցներ:
Խաղամիջոցների տրամադրումն իրողություն է դարձել Սևան համայնքի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի համագործակցության արդյունքում՝ «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում` GIZ-ի կողմից, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պատվիրակմամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ:
Նալբանդյան փողոց, 12, 24, 26 շենքերի բակում, Շինարարներ փողոց, 3, 5 շենքերի հյուսիսային հատվածում, Աբովյան փողոց, 5, 7, 9, 11, 13, 15 շենքերը միավորող բակային տարածքում, Իտալիայի, Պրահա-Վինոր այգիներում արդեն մեկնարկել են խաղամիջոցների տեղադրման աշխատանքները:
Այժմ հիշյալ տարածքների բարեկարգման և հիմնանորոգման աշխատանքները գտնվում են նախապատրաստական փուլում. շինարարական աշխատանքները կատարվելու են համայնքի բյուջեի ֆինանսական միջոցներով:
Նշենք, որ Պրահա-Վինոր այգում արդեն իսկ մեկնարկել են շինարարական աշխատանքները՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և համայնքի ֆինանսավորմամբ:
Նպատակասլաց և հետևողական աշխատանքի արդյունքում շուտով համայնքապահպան ևս մեկ ծրագիր կդառնա իրողություն, որի արդյունքում սևանցիները կստանան ժամանցի ու հանգստի ներկայանալի և բարեկարգ տարածքներ՝ կահավորված և երկրորդ շնչառություն ստացած:
Միաժամանակ տեղեկացնենք, որ խաղամիջոցներից լիարժեք հնարավոր է օգտվել տարածքների բարեկարգումից հետո:
