Հիմնանորոգվում և բարեկարգվում է Սևան քաղաքի Պրահա-Վինոր այգին.

Սևան — Պրահա-Վինոր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Սևան քաղաքի 2-րդ և 3-րդ միկոթաղամասերի միջնամասում գտնվող տարածքում, որը երկար տարիներ հարակից շենքերի բնակիչների կողմից վերածվել էր մեծ ու փոքր բանջարանոցների և «աչքի էր ընկնում» իր անհրապույր տեսքով, հայտնվեց ցուցանակ` «Պրահա-Վինոր այգի» անվանմամբ:

Համագործակցության գաղափարի հեղինակ, Ատլանտիս Դեվոլոպմենթ» ընկերության նախագահ, սևանցի Արամ Մարությանի և Սևանի համայնքապետարանի համագործակցության արդյունքում Պրահա-Վինոր այգում, որը զբաղեցնում է շուրջ 4600քմ, իրականացվեցին բարեկարգման և կահավորման աշխատանքներ:

Երբեմնի անհրապույր տարածքը հետզհետե ստացավ ձև և բովանդակություն:

2019 թվականի աշնանը Պրահա-Վինոր քաղաքային շրջանի պատվիրակությունն այցելեց Սևան, որի ընթացքում էլ տեղի ունեցավ այգու պաշտոնական բացման արարողությունը՝ մասնակցությամբ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի և Չեխիայի Պրահա – Վինոր քաղաքային շրջանի փոխքաղաքապետ Ռոբերտ Ռիտինայի:

Տարիներ անց Պրահա-Վինոր այգում տեսանելի են այն խնդիրները, որոնց պատճառով հնարավոր չէր երեխաների հանգիստն ու ժամանցը կազմակերպել և տարածքն օգտագործել լիարժեք:

Այգու բարեկարգումը դիտարկելով առաջնահերթություն՝ Սևան համայնքի ավագանին դեռևս անցյալ տարի հաստատեց Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Պրահա-Վինոր այգու բարեկարգման 2026 թվականի բնապահպանական ծրագիրը:

Ծրագիրը կյանքի է կոչվում համայնքի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցության արդյունքում: Ծրագրի պայմանագրային արժեքը շուրջ 4.800.000 ՀՀ դրամ է, որից Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեից բնապահպանական վճարներից Սևան համայնքին հատկացված մասհանումների գումարը՝ 4.100.000 ՀՀ դրամ է:

Սևան համայնքի կողմից ոչ միայն համաֆինանսավորում է կատարվելու շինարարական աշխատանքների և այգու կահավորման իրականացմանը, այլ նաև տեղադրվելու են խաղամիջոցներ, որոնք լրացնելու են այգու ամբողջականությունը:

Այգում կատարվող շինարարական աշխատանքներին հաջորդելու է զրուցարանի, նստարանների տեղադրումը, տնկվելու են ծառեր, թփեր ավելանալու է կանաչապատ տարածքը:

Կարևորելով ազատ ժամանցի կազմակերպումը, շրջակա միջավայրի պահպանությունն ու բնապահպանական ծրագրերի իրականացումը՝ Սևանի համայնքապետարանը հերթական նախաձեռնությամբ հեղինակում է ևս մեկ ծրագիր՝ ապահովելով հանգստի և ժամանցի կազմակերպումը: