Դեկտեմբերի 3–ին Սևանի բիզնես կենտրոնում տեղի ունեցավ խորհրդակցական հանդիպում Սևան քաղաքի բնակիչների, Սևանի համայնքապետարանի, քաղաքացիական հասարակության, բիզնես ոլորտի ներկայացուցիչների, ավագանու անդամների, տնտեսվարողների, շահագրգիռ անձանց և «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի փորձագետների և պատասխանատուների միջև։

Հանդիպմանը մասնակցում էին նաև կարողությունների զարգացման փորձագետ Լիանա Հովհաննիսյանը և ծրագրի միջազգային փորձագետ Ջոն Գլևզբրուքը, որն ունի ավելի քան 20 տարվա փորձ արևելյան Եվրոպայի երկրներում թափոնների կառավարման ծրագրերի և բարեփոխումների իրականացման ոլորտում՝ ներառյալ հաղորդակցման և իրազեկման լայնածավալ ծրագրերի ղեկավարման, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ռազմավարական խորհրդատվության տրամադրման։

–«Ողջունում և շնորհավորում եմ Սևանի բնակիչներին, քանի որ մենք եղանք Գեղարքունիքի և Կոտայքի կոշտ կենցաղային թափոնների կառավարում ընկերությունում և ուսումնասիրելով թափոնների տեսակավորման գործընթացը գրանցեցինք, որ Սևանի բնակիչները լավ են տեսակավորում՝ գրեթե 70 տոկոս ցուցանիշով։ Սակայն դա բավարար չէ, մենք դեռ անելիքներ ունենք, մոտակա երկու տարիների ընթացքում հնարավոր է լինեն ցուցանիշների տատանումներ։ Սովորաբար ամռանը և ձմռանը։ Փորձը ցույց է տալիս, որ ձմռանը մարդիկ ավելի վատ են տեսակավորում, քան ամռանը։ Ես դոնորների հետ դեռ չեմ խոսել, սակայն երբ խոսեմ, անպայման նշելու եմ որ այս մի քանի ամիսների ցուցանիշները գոհացուցիչ են»։–իր խոսքում նշեց միջազգային փորձագետ Ջոն Գլևզբրուքը։

Խորհրդակցական հանդիպման ընթացքում Հարություն Ալպետյանը ներկայացրեց ծրագրի որոշ մանրամասներ, խոսեց նաև հետագայում այլ թափոնների տեսակավորումից։
Հանդիպմանը հնչեցին նաև հարցեր, որոնց ծրագրի պատասխանատուները անդրադարձան շատ մանրամասնորեն և տվեցին հիմնավոր պատասխաններ։ «Սևանը շարունակելու է տեսակավորել, ինչը լավ փորձ է նաև մյուս համայնքների համար»,–նշեցին ծրագրի պատասխանատուները։

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող և Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի և Սևանի համայնքապետարանի համագործակցությամբ Սևան քաղաքում 2025 թվականի հուլիսին ներդրվեց սկզբնաղբյուրում թափոնների տեսակավորման նոր համակարգ:

