Սիրելի մայրեր, տիկնայք և քույրեր
Գարնանային հրաշալի տոնի՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ ընդունեք ջերմագին շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս:
Ապրիլի 7-ը միավորել էր բոլորիս՝ արտահայտելու մեր սերն ու երախտիքը մայրերին ու կանանց, շնորհակալություն հայտնելու մեր ընտանիքներն ու հասարակությունն ամուր և առողջ պահողներին:
Օրը միաժամանակ խորհրդանշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման տոնը՝ որպես մայրական բերկրանքի, ընտանեկան ջերմության, հոգատարության, սիրո խորհուրդ:
Բոլոր ժամանակներում կանայք նվիրումով և արժանապատվորեն կատարում են իրենց առաքելությունը՝ միավորելով լավատեսությունը, բարությունն ու հանդուրժողականությունը:
Սիրելի կանայք
Դուք կյանքի սկիզբն եք, կյանքն սկսվում ու շարունակվում է ձեզանով՝ ձեր ներկայությամբ ու ձեր շնորհիվ դառնալով լուսավոր ու ջերմությամբ լի:
Մայրերը սիրո ու համբերության, նվիրումի ու բարության խորհուրդն են կրում իրենց մեջ, մայրերը մեր ուժն են, անփոխարինելի ու անգնահատելի:
Կնոջ ամենավեհ առաքելությունը մայրությունն է, և այսօրը ևս մեկ պատեհ առիթ է երախտիքի խոսքեր հղելու մեր մայրերին ու կանանց, որոնք հայրենիքին տվել են ամենաթանկը:
Դուք հերոսներ ծնած, իրական հայրենասերներ դաստիարակած որդիների մայրեր եք:
Խոնարհումս ձեր կամքի, մեծագույն ուժի առաջ:
Այս տոնական պահին առանձնահատուկ շնորհավորում եմ Հայոց բանակում ծառայող զինվորների մայրերին՝ մաղթելով՝ համբերություն և հոգեկան հանգստություն:
Ապրիլյոթյան բարեմաղթանքներս եմ հղում մայրության բերկրանքին սպասող կանանց:
Ընտանիքն ու աշխատավայրը, մեր հասարակությունն ու համայնքը կանանց հոգատար ձեռքերի, ստեղծագործ մտքի, հոգու լույսի ու նվիրումի կարիքը շատ ունեն, իսկ կանայք էլ այնտեղ են, որտեղ իրենց ներկայությունը ոչ միայն ցանկալի է, այլ նաև սպասված ու անհրաժեշտ:
Մեր համայնքում ապրող, աշխատող, արարող, ստեղծագործող կանայք իրենց ներկայությամբ ամենուր են` կրթական բնագավառից մինչև առողջապահություն, մշակութայինից մինչև սոցիալական, տեղական ինքնակառավարումից մինչև ծառայությունների ոլորտ, հասարակական ու քաղաքական կյանք՝ համատեղելով ընտանիքը, աշխատանքը, հասարակական գործունեությունը:
Սիրելի մայրեր ու քույրեր, կանայք և աղջիկներ
Դուք ոգեշնչող եք ու ապրեցնող, դուք մեր ընտանիքների ամուր հենարանն եք, մեր զգայուն ու ներդաշնակ հասարակության հիմքը:
Մայրության և գեղեցկության օրվա առթիվ ընդունեք իմ, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների, համայնքապետարանի աշխատակազմի, համայնքի ավագանու անդամների ամենաջերմ բարեմաղթանքներն ու շնորհավորանքները:
Ցանկանում եմ ձեզ խաղաղություն, ներդաշնակ կյանք, հոգեկան հանգստություն, առողջություն և արևշատություն, դուք մեր համայնքի, պետության, ընտանիքների ամրության երաշխավորն ու պահապանն եք:
Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին բարեկեցիկ և ապահով կյանք, եղեք գնահատված ու սիրված:
Պահպանեք ձեզ, եղեք առողջ և երջանիկ, ձեր ներկայությամբ ջերմացրեք ձեր ընտանիքներն ու մեր իրականությունը:
