ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁՆ  ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հարգելի հայրենակիցներ

Շնորհավորում եմ բոլորիս մեր պետականության խորհրդանիշ Անկախության օրվա  առթիվ:

Անկախության գաղափարը կյանքի կոչվեց 1991 թվականին, որը շարունակվում է ամեն օր՝ մեր աշխատանքով, ձեռքբերումներով, մարտահրավերներին դիմակայելով: 

Անկախության 34՝-ամյա ճանապարհն ամբողջանում է Հայոց բանակի ստեղծմամբ և կայացմամբ, պետականության կերտմամբ, հայորդիների հերոսացմամբ ու  ամենօրյա ստեղծագործ աշխատանքով, մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին նպաստող քայլերով:

Կառուցելով անկախության ճանապարհը՝ մենք միաժամանակ գիտակցում ենք անկախ հայրենիքում ապրելու մեր իրավունքներն ու պարտականությունները, և սեպտեմբերի 21-ն էլ ոչ միայն անկախության հռչակման օր է, այլ նաև հայ ժողովրդի ձեռքբերումների ու հաջողությունների, թանկ կորուստների մասին բարձրաձայնելու, ինչպես նաև մեր ապագա ծրագրերն ուրվագծելու պատեհ առիթ:

Մենք սահմանում ենք մեր նպատակներն ու ձգտումները, ինչպես նաև այն քայլերը, որոնք մեզ հասցնելու են նվիրական հանգրվանին:

Անկախությունը եղել և մնում է մեր` երազանքներից դեպի նպատակ տանող ճանապարհի ուղեկիցը: 

2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում, և դրանից հետո էլ անկախության սերնդի մեր նվիրյալ զավակներն իրենց պապերի ու հայրերի սխրանքը կրկնեցին, կենաց ու մահու կռիվ տվեցին` դառնալով մերօրյա գոյամարտի հերոսներ:

Ավաղ, մեր լավագույն տղաները բռնեցին հավերժի ճանապարհը` ապրողներիս տալով հայրենապաշտության դասեր ու պատգամելով` ունենալ ուժեղ ու հզոր հայրենիք:

Փառք մեր հերոսներին, մեր խոնարհումը նրանց հիշատակի առջև:

Պետական համակարգի կայացումից մինչև տնտեսական բարեփոխումներ, կրթական, առողջապահական, սոցիալական ծրագրերից մինչև հոգևոր-մշակութային կյանքի զարթոնք, դիվանագիտական հարաբերություններից մինչև ազգային արժեքների վերագնահատում. սրանք անկախության ճանապարհի գումարելիներն են, որոնք պահանջում են մշտական աշխատանք ու  անմնացորդ նվիրում:

Արտաքին ու ներքին մարտահրավերներին հակակշիռ՝ մենք ունենք մեր պետությունը  պահելու, պետականամետ գործունեություն իրականացնելու համազգային ծրագիր, որը պահանջում է միասնականություն, նվիրյալ աշխատանք և համախմբում:   

Հարգելի  հայրենակիցներ, Սևան համայնքի բնակիչներ

Իմ, համայնքապետարանի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների, համայնքի ավագանու անունից ևս մեկ անգամ  շնորհավորում եմ նվիրական տոնի` Անկախության 34-րդ տարեդարձի առթիվ:

Մաղթում եմ բոլորիս խաղաղ և անվտանգ կյանք, մեր երկրի տերը լինելու, նրա այսօրն ու վաղը կերտելու, մեր հայրենիքը շենացնելու մեծ վճռականություն, համազգային նպատակների իրականացում, բարեկեցություն, խաղաղ ու ապահով ապագա:

Հավերժ փառք Անկախությունը նվաճած ու պահպանած մեր հերոսներին, մեր լուսավոր տղաներին, արժանի լինենք նրանց սուրբ գործին ու սխրանքներին:

Շնորհավոր Անկախության օր` մեր ինքնության, այսօրվա ու վաղվա ուղեկից և ուղենիշ: