Սեպտեմբերի 21-ի` Անկախության օրվա առթիվ Սևանի համայնքապետարանի աշխատակազմը, վարչական ղեկավարներ և համայնքի ավագանու անդամներ` Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանի գլխավորությամբ այցելեցին Սևանի քաղաքային պանթեոն, որտեղ հանգչում են Արցախյան պատերազմներում զոհված ազատամարտիները և կատարեցին պսակադրում, ծաղիկներ խոնարհելով ի հիշատակ արցախյան հերոսամարտերում նահատակված հերոս տղաների:


Սևանի պանթեոն այցելեցին նաև Սևանի հիմնարկ-ձեռնարկությունների, կրթական ու մշակութային օջախների սաներ, աշխատանքային կոլեկտիվներ, դպրոցականներ և անհատներ:


Ծաղկադրման արարողակարգեր են տեղի ունեցել նաև Սևան համայնքի բնակավայրերում, որով հարգանքի տուրք է մատուցվել Հայաստանի Անկախության համար նահատակված մեր հերոսների հիշատակին:


Սեպտեմբերի 21-ի` Անկախության օրվա առթիվ Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում անցկացվեց տոնական համերգային ծրագիր «Անկախության 34-ամյա ճանապարհը» խորագրով: Իրենց կատարումներով հանդես եկան «Սևանի համայնքային մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի երգի և պարային խմբերի սաները, ցուցադրական ելույթներ ունեցան նաև «Նվիրյալներ» ռազմամարզական ՀԿ–ի սաները։








Անկախության օրվան ընդառաջ՝ սեպտեմբերի 19-ին՝ «Վ. Ստեփանյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի կենտրոնական գրադարանում կազմակերպվել է հանդիպում-քննարկում հանրակարթական ուսումնական հաստատությունների աշակերտների հետ՝ «Անկախությունը հնարավորություն է դառնալ ավելի լավը» խորագրով:



1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանը հանրաքվեով դուրս եկավ Խորհրդային Միության կազմից ու դարձավ անկախ պետություն: Բնակչության բացարձակ մեծամասնությունն «այո» ասաց ազատ ու անկախ ապրելու իր իրավունքին: