Մայիսի 8-ին և 9-ին Սևան համայնքում կազմակերպվեցին մշակութային և սպորտային մի շարք միջոցառումներ՝ նվիրված Մեծ հաղթանակի 80-ամյակին և Երկրապահի օրվան:

Մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ սևանցիները կատարեցին համայնքային երթ Սևանի քաղաքային պանթեոն, որտեղ կատարվեց պսակադրման և ծաղկադրման արարողություն` հարգանքի տուրք մատուցելով բոլոր ժամանակների մեր հերոսներին:

Ներկա էին Սևան համայնքի ղեկավարի տեղակալ Արման Հարությունյանը, աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը, Սևանի համայնքապետարանի, հիմնարկ-ձեռնարկությունների, կազմակերպությունների, կրթական հաստատությունների, ուժային կառույցների աշխատակիցներ, երկրապահներ, բնակիչներ:

Հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Երիցյանը կատարեց խաղաղության համար զոհվածների հոգեհանգստյան կարգ:

Հաղթանակի և խաղաղության 80-ամյա տոնի առթիվ Սևան համայնքի բնակավայրերում ևս Մայիսի 9-ի առթիվ բնակավայրերի վարչական ղեկավարները և աշխատակիցներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հայրենական Մեծ պատերազմում և արցախյան հերոսամարտերում նահատակված հերոսների հիշատակին` կազմակերպելով  պսակադրման և ծաղկադրման արարողություններ: Լճաշեն բնակավայրում՝ Մեծ հայրենականի հերոսներին նվիրված հուշակոթողի մոտ, տեղի է ունենցել նաև հանրային միջոցառում՝ «Մեծ հաղթանակի օրը» խորագրով: Սևանի համայնքապետարանը նախատեսում է առաջիկայում վերանորոգել Սևանի քաղաքային պանթեոնում հանգչող Արցախյան առաջին պատերազմում զոհված սևանցի հայորդիների շիրիմները։

Մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետությունում նշվում է Երկրապահի օրը: Ավանդույթի համաձայն՝ Սևանի համայնքապետարանի աշխատակիցները մայիսի 8-ին ևս այցելեցին քաղաքային պանթեոն և հարգանքի տուրք մատուցին հայրենիքի նվիրյալների հիշատակին` կատարելով պսակադրում:

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ  ՈՒՂԵՐՁԸ  ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ  ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ Սևան համայնքում կազմակերպվեցին մի շարք տոնական միջոցառումներ և նախաձեռնություններ, որոնց մի մասը մեկնարկել էր տոնի նախօրեին: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ մայիսի 8-ին և  9-ին «Սևան համայնքի Ն.Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց»-ում անցկացվեց սիրողական սեղանի թենիսի և վոլեյբոլի համայնքային մրցաշար: Մարզական միջոցառմանը մասնակցության հայտ էին ներկայացրել սեղանի թենիսի համար 20-ից բարձր տարիքի աղջիկներ և տղաներ, իսկ վոլեյբոլի համար՝ 20-50 տարեկան մասնակիցներից կազմված թիմեր Սևան քաղաքից և բնակավայրերից: Համայնքային մրցաշարի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի անունից խրախուսվեցին  դրամական պարգևներով, գավաթներով, մեդալներով և  հավաստագրերով: Սիրողական սեղանի թենիսի համայնքային մրցաշարում 1-ին տեղը գրավեց Հովիկ Հովհաննիսյանը, 2-րդ տեղը՝ Գևորգ Հայրապետյանը, 3-րդ տեղը՝ Հովիկ Վարդանյանը: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված վոլեյբոլի համայնքային մրցաշարում 1-ին տեղը գրավեց «Սևան համայնքի Ն.Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց»-ի աշխատակիցների թիմը, 2-րդ տեղը՝ Լճաշեն բնակավայրի տղաների թիմը, 3-րդ տեղը՝ Սևանի 5-րդ միկրոթաղամասի բնակիչների թիմը:

Մայիսի 9-ին Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում՝ հերոսների հիշատակին նվիրված հուշախաչքարի և հուշարձանի տարածքում, հանդիսավորությամբ բացվեց Մեծ հայրենականում զոհված դդմաշենցիների անունները հավերժացնող հուշատախտակները:  

Հեղինակը ծնունդով դդմաշենցի Արամ Ֆահրադի Սողոմոնյանն է՝ իր որդիների՝ Վահագն Արամի Ֆահրադյանի և Էդգար Արամի Սողոմոնյանի հետ: Արամ Սողոմոնյանը հայ գրող, հասարակական գործիչ, մանկավարժ, մատենագիր և բանահավաք, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, Դդմաշեն գյուղի պատմության և մշակույթին նվիրված գրքերի հեղինակ, Դդմաշենի պատվավոր քաղաքացի Ֆահրադ Սողոմոնյանի որդին է, ով իր հոր ցանկությունն այդ օրը իրականություն դարձրեց:

213 դդմաշենցիների անուններով հուշատախտակների բացման արարողությունից առաջ Դդմաշենի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Հաղթանակի և խաղաղության օրվան և հուշատախտակների բացմանը նվիրված միջոցառում, որը կազմակերպել էին դպրոցի տնօրինությունն ու աշխատակիցները:

Ասմունքով, հայրենասիրական երգ ու պարով, բեմականացմամբ հանդես եկան դպրոցի սաները: Դպրոցի բակում տեղի ունեցած միջոցառմանը և 213 դդմաշենցիների անուններով հուշատախտակների բացմանը ներկա էին Սևանի համայնքապետարանի աշխատակիցներ, Սևան համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ, հրավիրվածներ և Դդմաշենի բնակիչները:

Մայիսի 9-ին Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ Սևանի Ս․ Զաքարյանի անվան մշակույթի կենտրոնի դահլիճումում տեղի ունեցավ «Նվիրական Մայիս» խորագրով համերգային ծրագիր՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին:

Կենտրնի ճեմասրահում էլ կազմակերպվել էր նաև ցուցահանդես, որտեղ ներկայացված էին Գագարինի հագուստի և մոդելավորման ուսուցողական խմբակի սաների ձեռագործ աշխատանքները։

Տոնական օրվա առթիվ Սևանի Վ. Ստեփանյանի անվան ԳԿՀ-ի կենտրոնական գրադարանում ձևավորվել էր «Հաղթանակը ժառանգություն է հերոսներից» խորագրով փաստագրական նյութերի ցուցադրություն: Այդ թեմայով ցուցադրվել է նաև փաստագրական ֆիլմ, որին հաջորդել է քննարկումը։ Սևան քաղաքի և բնակավայրերի մանկապարտեզնեում, Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցում, համայնքային կազմակերպություններում և կրթօջախներում անցկացվեցին «Մեր հաղթանակների մայիսը», «Հաղթական մայիս» և օրվա թեմային համահունչ այլ խորագրերրով պարապմունքներ, ցերեկույթներ, հանդիպումներ և ցուցահանդեսներ ևս: