Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին Կուտականում մասնակցեցին առաջին օգնության դասընթացների մեկնարկի միջոցառմանը

Սեպտեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։

Մարզպետը և դեսպանը քննարկեցին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև ծավալված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում մարզի կրթության, առողջապահության, զբոսաշրջության, մշակույթի և գյուղատնտեսության ոլորտներում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, դրանց արդյունքում արձանագրված ձեռքբերումները։

Զրույցի ընթացքում մարզպետ Կարեն Սարգսյանն անդրադարձավ քայլարշավային տուրիզմի և նոր տեխնոլոգիաների ներդրմամբ գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված առաջիկայում կազմակերպվող այցերին, հանդիպումներին և քննարկումներին, ֆրանսիական փորձը մեր երկիր, մասնավորապես Գեղարքունիքի մարզ ներդնելու հնարավորություններին։

Մարզպետը խոսեց մարզում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի մասին, որոնք մեծապես նպաստում են նաև զբոսաշրջության զարգացմանն ու առաջընթացին։

Դեսպան Օլիվիե Դըկոտինյին, բարձր գնահատելով հայ-ֆրանսիական երկու երկրների միջև ձևավորված տևական համագործակցությունը, վստահեցրեց, որ ֆրանսիական կողմը կշարունակի մնալ իր սկզբունքներին հավատարիմ և նոր գաղափարների ներդրմամբ համագործակցային ծրագրեր իրականացնել Գեղարքունիքի մարզում՝ տարբեր կազմակերպությունների, ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ, ինչը մեծապես կնպաստի երկու երկրների ժողովուրդների բարեկամական կապի խորացմանը և փոխադարձ շփումներին։

Հանդիպան ընթացքում կողմերը քննարկեցին նաև տնտեսական ու մշակութային համագործակցությանը վերաբերող հեռանկարային այլ հարցեր։

Նույն օրը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին եղան Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կուտական բնակավայրում, որտեղ տրվեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և «Հայաստանյան խաղաղության նախաձեռնություն» ֆրանսիական կազմակերպության կողմից մարզի սահմանամերձ և սահմանին մոտ՝ 0-10 կմ հեռավորության վրա տեղակայված բնակավայրերում իրականացվող առաջին օգնության դասընթացների մեկնարկը։

Արարողությանը մասնակցում էին նաև Վարդենիսի համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Կուտականի վարչական ղեկավար Մակիչ Թովմասյանը, Վարդենիսի բժշկական կենտրոնի տնօրեն Շահեն Շահինյանը, առողջապահության, կրթության ոլորտի պատասխանատուներ, դպրոցականներ, բնակիչներ։ Դասընթացները նախատեսվում է անցկացնել մինչև 2026 թվականի ապրիլ ամիսը՝ մարզում նման կարգավիճակ ունեցող 30 բնակավայրերի բնակիչների մասնակցությամբ։

Յուրաքանչյուր բնակավայրում անցկացվող երկօրյա դասընթացների ընթացքում տեղի բնակիչները ձեռք կբերեն տեսական գիտելիքներ ու գործնական հմտություններ, իսկ ավարտին յուրաքանչյուր մասնակից կապահովվի առաջին օգնության պարագաների անհատական տուփով։ Առաջին օգնության պարագաների մեկական մեծ տուփեր էլ կտրամադրվի տվյալ բնակավայրի դպրոցին, համայնքապետարանին և բուժկետին։

Միջոցառման ընթացքում դեսպանը նշեց, որ իրենց ուշադրության կենտրոնում է սահմանային բնակավայրերին ցուցաբերվող աջակցությունը և եթե ֆրանսիական կողմը իրականացնում է նման ծրագեր, ուրեմն բարձր է գնահատում կողմերի միջև առկա համագործակցության մակարդակը։

«Ֆրանսիայի հետ մեր համագործակցությունը շատ ընդգրկուն է․ սկսած զբոսաշրջության զարգացումից, ֆրանսերեն լեզվի ուսուցումից, զբոսաշրջության զարգացումին մինչև առողջապահական հիմնարկների վերանորոգում, սարքավորումներով վերազինում։ Բարի ընթացք եմ մաղթում այս ծրագրին և փաստում, որ հայ ժողովուրդը ֆրանսիական կողմի հետ ունի խորը և բաեկամական ամուր հիմքեր։ Ֆրանսիան մեր կողքին էր նաև մեզ համար վերջին տարիներին ստեղծված արտաքին սպառնալիքների ու դժվարին օրերի ընթացքում»,- նշեց մարզպետ Կարեն Սարգսյանը։