Աղբի տեղն աղբամանում է: Մի աղտոտեք շրջապատը:

Համայնքի մաքրությունն սկսվում է բակ ու փողոցից և անչափ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուրս ցուցաբերենք պատասխանատվություն ներկայանալի, մաքուր քաղաք ու բնակավայր ունենալու համար:

Ցավոք սրտի, հաճախ մոռանում ենք, որ ընդամենը ձեռքի մի շարժումով մենք կարող ենք մեր շրջապատում ապահովել մաքրություն և կոկիկ տեսք:

Աղբը հաճախ հայտնվում է ոչ թե թափոնամանում կամ աղբարկղում, այլ չթույլատրված ցանկացած վայրում՝ ստեղծելով հակասանիտարական վիճակ, խախտելով մյուսների իրավունքները, ավելացնելով աշխատանքի ծավալները:

Արձանագրված հերթական դեպքն էլ դրա վկայությունն է, իսկ այսպիսի դեպքերը քիչ չեն:

Հարգելի բնակիչներ

Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ պահպանել համակեցության կանոնները, չմոռանալ, որ յուրաքանչյուրս իրավունքներից բացի ունենք նաև պարտականություններ, մեր քաղաքին ու բնակավայրերին վերաբերենք տիրոջ սրտացավությամբ, քանի որ աղբից ազատվելու լավագույն տարբերակն աչքից հեռու, այստեղ ու այնտեղ աղբ թափելը չէ, որը խնդիր է դառնում բոլորի համար:

Միաժամանակ հիշեցնում ենք, որ չսահմանված և (կամ) չնախատեսված տեղերում ու վայրերում աղբ թափելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով (20-30 հազար դրամ):