Սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են Սևան քաղաքի Շիրազ փողոցի հիմնանորոգման աշխատանքները։

2025 թվականին իրականացվող «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում մեկնարկել են Սևան քաղաքի Շիրազ փողոցի հիմնանորոգման աշխատանքները:

Այս օրերին փողոցում իրականացվում են հողային աշխատանքներ, որին կհաջորդեն ճանապարհային պատվածքի, ուղիների և մուտքերի, մայթերի կառուցումը, դիտահորերի կափարիչների և եզրաքարերի վերատեղադրումը, տեղային լուծումներով ջրահեռացման համակարգի կառուցումը և այլ շինաշխատանքներ:

Շիրազ փողոցի հիմնանորոգումն ընդգրկում է 9995քմ տարածք:

Ծրագրի պայմանագրային արժեքը 180193680 դրամ է՝ համայնք – պետություն 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ:

Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Ճան-Շին» ՍՊԸ կապալառու կազմակերպության կողմից:

Հիշյալ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորոգման հաջորդ հասցեն Գագարին բնակավայրն է, որտեղ նախատեսված է Շիրազ փողոցի՝ 9616քմ տարածքի հիմնանորոգում:

Ծրագրի պայմանագրային արժեքը 147638290 դրամ է՝ համայնք – պետություն 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ:

Հիշեցնենք, որ «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի 1-ին փուլով իրականացվել են Սևան քաղաքի շուրջ մեկտասնյակ փողոցների հիմնանորոգման աշխատանքներ: