Սևան համայնքում մեկնարկել են 2025 թվականի համար նախատեսված «Սևան համայնքի Զովաբեր, Լճաշեն, Ծաղկունք և Վարսեր բնակավայրերում ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի՝ Զովաբեր, Լճաշեն բնակավայրերում ոռոգման համակարգի կառուցման ենթածրագրերը:

Տասնամյակներ շարունակ ոռոգման խնդիրը գյուղական բնակավայրերում դարձել էր առաջնահերթություն, որի լուծումը հնարավոր դարձավ հերթական սուբվենցիոն ծրագրի շնորհիվ՝ համայնք-պետություն համաֆինանսավորմամբ:

Սևան համայնքի Զովաբեր բնակավայրում իրականացվելու է ոռոգման ցանցի 4615գծմ կառուցում, որը միանալու է նոր կառուցվող խորքային հորին: Նախատեսված են նաև ջրամբարի և պոմպակայանի կառուցման աշխատանքներ:

Ջրամբարի և պոմպակայանի տարածքների համար կառուցվելու է ցանցավոր ցանկապատ:

Ենթածրագրի նախագծային արժեքը 167.840.030 ՀՀ դրամ է՝ համայնքային 25 տոկոս ներդրմամբ:
Սևան համայնքի Լճաշեն բնակավայրում կառուցվելու է 12813 գծմ ոռոգման ցանց, որը միանալու է երկու նոր կառուցվող ջրամբարներին:

Շինաշխատանքների ընթացքում նախատեսված է նաև երկու պոմպակայանի կառուցում:
Հիշյալ տարածքը առանձնացվելու է ցանցավոր ցանկապատով:

Ծրագրի նախագծային արժեքը 216.242.650 ՀՀ դրամ է՝ պետություն-համայնք 75 տոկոս/25 տոկոս ներդրմամբ:
Առաջիկա օրերին Վարսեր բնակավայրում ևս կմեկնարկեն ոռոգման ցանցի համակարգի կառուցման աշխատանքները:

Ծրագրի իրականացման կապալառուն «ԱՍ-777» ՍՊԸ-ն է:

Բնակավայրերում գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործումը նպատակային դարձնելու, գյուղատնտեսությունը զարգացնելու, բնակիչների կյանքի որակը և սոցիալ տնտեսական վիճակը բարելավելու նպատակով իրականացվող ծրագիրը հնարավորություն է ընձեռելու լուծել սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրներ, ունենալ աշխատանքին համարժեք արդյունք: