«Հարսնաքար» հանգստի գոտուց մինչև Սևանի թերակղզի հատվածում նախատեսվում է կառուցել ճեմուղի։

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 28.12.2023 թիվ 2343-Ն որոշման հավելվածի Սեպտեմբերի 2–ին Սևանի բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Արխիտոն» ՍՊԸ-ի կողմից կազմակերպվող «Հարսնաքար» հանգստի գոտուց մինչև Սևանի թերակղզի հատվածի՝ 1902.0 — 1902.5 նիշով ճեմուղու, Լճաշեն-Սևանի թերակղզի գոտևորման և քաղաքաշինական կանոնադրության նախագծերի վերաբերյալ 1-ին հանրային լսումը:

Հանրային քննարկմանը ներկա էին ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, կոմիտեի նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Սևան ազգային պարկի ներկայացուցիչ Արայիկ Հունանյանը, Սևան համայնքի աշխատակազմի ներկայացուցիչ Սուրեն Համբարձումյանը, Սևան համայնքի աշխատակազմի ղեկավար Արմենուհի Ղուկասյանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Սևանի և  հարակից բնակավայրերի բնակիչներ, տնտեսվարողներ, շահագրգիռ հանրության, կազմակերպությունների ներկայացուցիչներ և մասնագետներ։

Ծավալվեց ակտիվ քննարկում։ Նախագիծը որ ներկայացվեց հանրությանը նախատեսում է ճեմուղու կառուցում «Հարսնաքար» հանգստի գոտուց մինչև Սևանի թերակղզի ընկած հատվածում:

Տնտեսվարողները նշեցին, որ թյուր կարծիք է ձևավորվել, թե Սևանա լճի ափամերձ հատվածի կառուցապատմանն իրենք դեմ են: Հակառակը՝ զարգացմանը կողմ են, միայն առաջարկում են, որ անհատական ձևակերպվի կառուցապատման նախագծերը և պայմանները, տրամադրվի իրենց, որպեսզի իրենք տեղում հասկանան, թե իրենց կողմից օգտագործվող տարածքի որ մասն է հատկացվելու ճեմուղուն, որպեսզի կարողանան ճիշտ կառավարել իրենց բիզնեսը։

Բացի ծրագիրը ներկայացնողներից ելույթ ունեցան նաև բնակիչներ, տնտեսվարողներ, ովքեր ներկայացրին իրենց դիրքորոշումը և առաջարկություններ այս ծրագրի հետ կապված:

Ճեմուղու կառուցման առաջին հանրային լսումը կայացավ։ Արձանագրվեց, որ ընդհանուր գաղափարին շահառուները կողմ են, քաղաքաշինության կոմիտեն առաջիկայում կփորձի անհատականորեն մոտենալ և ներկայացնել տնտեսվարողներին ծրագիրն իրենց տարածքի առումով, ինչպես նաև կքննարկի առաջարկություններ, պատրաստ է ընդունել նաև այլ առաջարկություններ, որոնք դարձյալ կքննարկվեն և կներկայացվեն հաջորդ հանրային լսումների ժամանակ։