Հրազդան համայնքից հետո նոր աղբարկղերն արդեն տեղադրվում են Սևան քաղաքում՝ ապահովելու համայնքի կենցաղային թափոնների պատշաճ հավաքագրումը։

Նպատակն է ունենալ մաքուր փողոցներ, անվտանգ միջավայր, մաքուր համայնք և թափոնների կառավարման պատշաճ կազմակերպում։ Այս աղբամանները համայնքի համար ոչ միայն նոր տեխնիկա են, այլև մաքրության ու պատասխանատվության մշակույթի խորհրդանիշ։

14,8 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվել է ՀՀ Կառավարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համագործակցությամբ: Ծրագրի շրջանակում իրականացվել են Հրազդան համայնքում նոր սանիտարական աղբավայրի և Մարտունի ու Ակունք բնակավայրերում աղբի փոխաբեռնման կայանների կառուցապատման աշխատանքները։


Միաժամանակ, երկու մարզերի բոլոր բնակավայրերում ԵՄ չափանիշներին համապատասխան աղբահանության ինտեգրված համակարգի ներդրման նպատակով մշակվել են երկու մարզերի բոլոր բնակավայրերի աղբահանության սխեմաները և կազմվել աղբի հավաքման օպտիմալ երթուղիները։ Սխեմաների հիման վրա ձեռք են բերվել անհրաժեշտ մեքենասարքավորումները։


Եվրոպական չափանիշներին համապատասխան աղբի հավաքման նոր մոտեցումը կկիրառվի Սևան քաղաքում։
Սևանը պատրաստվում է նաև տեսակավորել թափոնները։

Հուլիսի 26-ին Սևան քաղաքում կմեկնարկի կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման նոր համակարգը, որի նապատակն է բարելավել աղբահանությունը և ձևավորել նոր մշակույթ։

Այդ օրը բոլորին սիրով հրավիրում ենք Սևանի Ս․ Զաքարյանի անվան մշակույթի կենտրոնի դիմացի հրապարակ տեսակավորման նոր համակարգի պաշտոնական մեկնարկին, որի ընթացքում սովորելու ենք ճիշտ տեսակավորել, ստանալու ենք տեղեկատվական նյութեր, խաղալու ենք էկո-խաղեր ու շահելու նվերներ։

Իսկ մինչ այդ այս օրերին Սևանի համայնքապետարանի և Հակոբյան բնապահպանական կենտրոնի մասնագետները շրջելով բնակիչների առանձնատներով բաժանում են թափոնների տեսակավորման աղբամաններ։

Նոր ծառայությունը հասանելի կլինի Սևան քաղաքի ամբողջ բնակչությանը՝ շուրջ 1,680 եվրոպական արտադրության թափոնամանների և տեսակավորված հավաքի նոր աղբատարի միջոցով։

Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակում՝ ՀԱՀ Յակոբեան կենտրոնի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ համագործակցությամբ։

Այս քայլերով միասին ձևավորում ենք մաքուր ու հոգատար միջավայր մեր համայնքի համար։
Եկե՛ք շարունակենք այս ճանապարհը միասին՝փոխադարձ հարգանքով, աղբը ճիշտ տեղում գցելով և մեր շրջակայքի հանդեպ հոգատար լինելով։
Մաքրությունը սկսվում է մեզանից յուրաքանչյուրից։