ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁՆ  ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հայաստանի Հանրապետության տոնացույցն ազդարարում է հայ ժողովրդի համար նվիրական տոնը՝ Անկախության օրը։

Հարգելի հայրենակիցներ

Շնորհավորում եմ բոլորիս մեր պետականության խորհրդանիշ Անկախության տոնի  առթիվ:

Անկախություն ունենալու ցանկություն-պահանջը իրողություն դարձավ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին։    

Անկախության 35-ամյա ճանապարհն ամբողջանում է Հայոց բանակի ստեղծմամբ և կայացմամբ, պետականության կերտմամբ, հայորդիների հերոսացմամբ ու  ամենօրյա ստեղծագործ աշխատանքով, մեր երկրի զարգացումն ու առաջընթացը վավերացնող ձեռքբերումներով։

Կառուցելով անկախության ճանապարհը՝ մենք միաժամանակ գիտակցում ենք անկախ հայրենիքում ապրելու մեր իրավունքներն ու պարտականությունները, և սեպտեմբերի 21-ն էլ ոչ միայն անկախության հռչակման օր է, այլ նաև հայ ժողովրդի ձեռքբերումների ու հաջողությունների, թանկ կորուստների մասին բարձրաձայնելու, ինչպես նաև մեր ապագա ծրագրերն ուրվագծելու լավագույն հնարավորություն:

Անկախությունը եղել և մնում է մեր` երազանքներից դեպի նպատակ տանող ճանապարհի ուղեկիցը, այլևս ապրելակերպ և մեր պետության ուղենիշ: 

2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում, և դրանից հետո էլ անկախության սերնդի մեր նվիրյալ զավակներն իրենց պապերի ու հայրերի սխրանքը կրկնեցին, կենաց ու մահու կռիվ տվեցին` դառնալով մերօրյա գոյամարտի հերոսներ:

Ավաղ, մեր լավագույն տղաները բռնեցին հավերժի ճանապարհը` ապրողներիս տալով հայրենապաշտության դասեր ու պատգամելով` ունենալ ուժեղ ու հզոր հայրենիք:

Փառք մեր հերոսներին, մեր խոնարհումը նրանց հիշատակի առջև:

Պետական համակարգի կայացումից մինչև տնտեսական բարեփոխումներ, կրթական, առողջապահական, սոցիալական ծրագրերից մինչև հոգևոր-մշակութային կյանքի զարթոնք, դիվանագիտական հարաբերություններից մինչև ազգային արժեքների վերագնահատում. սրանք անկախության ճանապարհի գումարելիներն են, որոնք պահանջում են մշտական աշխատանք ու  անմնացորդ նվիրում՝ դառնալով հարատև պետություն ունենալու երաշխիք։

Արտաքին ու ներքին մարտահրավերներին հակակշիռ՝ մենք ունենք մեր պետությունը  պահելու, պետականամեդ գործունեություն իրականացնելու համազգային ծրագիր, որը պահանջում է միասնականություն, նվիրյալ աշխատանք և համախմբում:   

Հարգելի  հայրենակիցներ, Սևան համայնքի բնակիչներ

Իմ, համայնքապետարանի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների, համայնքի ավագանու անունից ևս մեկ անգամ  շնորհավորում եմ նվիրական տոնի` Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ:

Մաղթում եմ բոլորիս խաղաղ և անվտանգ կյանք, մեր երկրի տերը լինելու, նրա այսօրն ու վաղը կերտելու, մեր պետությունը շենացնելու մեծ վճռականություն, համազգային նպատակների իրականացում, բարեկեցություն, խաղաղ ու ապահով ապագա:

Հավերժ փառք Անկախությունը նվաճած ու պահպանած մեր հերոսներին, մեր լուսավոր տղաներին, արժանի լինենք նրանց սուրբ գործին ու սխրանքներին:

Շնորհավոր տոնդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի։