Սիրելի երեխաներ, իմ փոքրիկ բարեկամներ,
Շնորհավորում եմ բոլորիդ հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Ամռան առաջին օրը նշելով այս սպասված ու պարտավորեցնող տոնը՝ մենք միաժամանակ վերահաստատում ենք մեր հանձնառությունը յուրաքանչյուր երեխայի շահերի և իրավունքների պաշտպանության գործում։
Մեծերի համար երեխաների լավագույն շահը պետք է լինի ուղենիշ որոշումների կայացման և դրանց իրագործման ճանապարհին:
Երեխաների նկատմամբ հոգածությունն սկսվում է ընտանիքից, որի սահմաններն ընդլայնվում են հասարակության մեջ՝ նախադպրոցականից մինչև հանրակրթական և արտադպրոցական հաստատություններ:
Այս ճանապարհին պետք է միավորվեն բոլորի ջանքերը՝ ստեղծելով բարենպաստ միջավայր երեխաների մանկությունն առավել ներդաշնակ, ապահով, անվտանգ դարձնելու համար:
Մեր համայնքի կրտսեր բնակիչներն ունեն լիիրավ իրավունքներ, որոնց իրացմամբ միայն կարող ենք ունենալ ներդաշնակ հասարակություն: Այդ իրավունքների պաշտպանությունն էլ ամենօրյա աշխատանք է՝ որակյալ կրթությունից մինչև սոցիալական խնդիրների լուծում, հանգստի ու ժամանցի կազմակերպումից մինչև հանդուրժողականություն և ներառականություն:
Այս գումարելիների արդյունքում է երեխան դառնում պաշտպանված, ապահով, ինքնաբավ՝ ապահովելով վաղվա քաղաքացու նկարագիրը:
Այսօր հնչող բազմաթիվ ցանկություններից ու բարեմաղթանքներից գերական թերևս այն է, որ յուրաքանչյուր երեխա ապրի ու մեծանա ընտանիքում, դաստիարակվի ջերմ և փոխադարձ ըմբռնման մթնոլորտում, հնարավորություն ունենա իրացնելու իր իրավունքները, լինի սիրված ու գնահատված ընտանեկան միջավայրում:
Սիրելի երեխաներ
Սևան համայնքը ձերն է, դուք եք նրա վաղվա լիիրավ տերերը, իսկ այսօր մենք՝ մեծահասակներս, պարտավոր ենք և անում ենք հնարավորը ձեր մանկությունը գունագեղ ու հիշարժան դարձնելու համար:
Սևան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում, մշակութային, սպորտային, արտադպրոցական կազմակերպություններում իրականացվող աշխատանքների նպատակը հստակ է՝ մեր փոքրիկները, երեխաները պետք է լինեն մշտական ուշադրության կետրոնում, ստանան անհրաժետ գիտելիքներ, խնամք, հոգածություն հմտություններ և կարողություններ, լինեն լսված և պաշտպանված:
Պաշտպանելով երեխաների իրավունքները` մենք միաժամանակ պաշտպանում ու երաշխավորում ենք մեր լիարժեք ու ներդաշնակ ապագան:
Սևան համայնքի փոքրիկ ու պատանի բնակիչներ
Դուք ջերմություն եք, լույս ու սեր ու միաժամանակ ունեք ջերմության, սիրո ուշադրության կարիք, խաղաղ ապահով ներդաշնակ մանկություն ունենալու իրավունք, որի պատասխանատուն մեծահասակներն են:
Մենք վայելում ենք մեծագույն բերկրանք ձեր մանկական անմիջականության, պատանեկան թրթիռի, ձեր հոգու գույների ու լույսերի, ձեր ներկայության շնորհիվ:
Իմ, համայնքի ղեկավարի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների, համայնքի ավագանու անունից շնորհավորում եմ մեր երեխաներին՝ հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Սիրելի երեխաներ
Ցանկանում եմ, որ միշտ շրջապատված լինեք ձեր ծնողների ու հարազատների սիրով, վայելեք առողջ, խաղաղ ու անհոգ մանկություն` ձեր ընտանիքներին պարգևելով անսպառ երջանկություն, ձեզանով իրենց կյանքն իմաստավորելու անսահման բերկրանք:
