ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում Հիմնանորոգվում են Սևանի Հեքիաթ և Ծովագյուղի մանկապարտեզները։

Սևանի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզի շենքը մի քանի ամիս վերածվել է շինհրապարակի:
Հանրապետությունում իրականացվող մանկապարտեզների վերակառուցման, հիմնանորոգման ցանկում է նաև «Հեքիաթ» մանկապարտեզը:
Թեև մանկապարտեզում իրականացվել են հիմնանորոգման, վերանորոգման, ինչպես նաև կոսմետիկ աշխատանքներ, սակայն մանկան օջախը նորովի ու թարմ շնչով ներկայանալու անհրաժեշտությունը հասունացել էր, որն էլ իրողություն է դարձել հիմնանորոգման ծրագրի տեսքով:
6 խմբանոց մանկապարտեզում, որը մինչև հիմնանորոգումն ուներ 180 սան, աշխույժ եռուզեռ է, իրար են հաջորդում բազմաբնույթ շինարարական աշխատանքները:
Պետական ֆինանսավորմամբ իրականացվող հիմնանորոգմանը զուգահեռ Սևան համայնքի կողմից էլ իրականացվում են մանկապարտեզի բակային հատվածի բարեկարգման ու կահավորմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներ:
Ամիսներ անց Սևան համայնքի նախադպրոցական տարիքի երեխաները կստանան ժամանակակից չափորոշիչներին համապատասխան մանկան օջախի հիմնանորոգված շենք:
Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում ևս շարունակվում են այս տարվա մարտ ամսից մեկնարկած «Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի վերանորոգման աշխատանքները։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում և ամբողջությամբ ֆինանսավորվում է պետբյուջեի միջոցներով։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 171 միլիոն 240 հազար դրամ։
Կապալառու ընկերությունը «Ալբ Շին» ՍՊԸ -ն է։
Շենքի հիմնանորոգման աշխատանքներին զուգահեռ՝ Սևան համայնքի բյուջեի միջոցներով իրականացվելու են մանկապարտեզի բակային տարածքի բարեկարգման և կահավորման աշխատանքներ։
Եվս մի քանի ամիս, և Ծովագյուղ բնակավայրի նախադպրոցական տարիքի երեխաները կունենան առավել հարմարավետ, անվտանգ և ժամանակակից պահանջներին համապատասխան նախադպրոցական ուսումնական հաստատություն:
Տեղեկացնենք, որ Սևան համայնքի Գագարին բնակավայրում նախատեսված է կառուցել մանկապարտեզի նոր շենք, Սևան համայնքի Զովաբեր բնակավայրի մանկապարտեզն էլ հիմնանորոգվելու է: Երկու նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերն էլ ներառված են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրում:
