Հանրապետությունում մեկնարկել է 2026 թվականի ձմեռային զորակոչը: Հունվարի 12-ին զինվորական ծառայության ճանապարհվեց Սևան համայնքի նորակոչիկների առաջին խումբը։

Սևանցիները` մեծ ու փոքր, Հայոց բանակ էին ճանապարհում իրենց որդիներին, որոնք օրեր անց համալրելու են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարքերը:


Հուզմունքն ու հպարտությունը միախառնվել էին բարեմաղթանքի, «բարի ճանապարհ»-ի խոսքերին:

Հայոց բանակին զինվորագրվող տղաներն առավել լավ են պատկերացնում իրենց առաքելությունը: Ավագ ընկերների օրինակին ու պատգամներին հավատարիմ` Սևան համայնքի նորակոչիկները գնում են կատարելու իրենց պարտքը հայրենիքին:


Սևանի զինկոմիսարիատում հաշվառված նորակոչիկները Սևան քաղաքից և հարակից բնակավայրերից էին, ովքեր անցան բժշկական զննություն։ Իրականացվեցին վերջին փաստաթղթային գործողությունները։

Սևանի զինկոմիսարիատից նորակոչիկները` ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Սևանի համայնքապետարանի, Սևանի տարածքային զինվորական կոմիսարիատի աշխատակիցների, իրենց հարազատների, սևանցիների ուղեկցությամբ այցելեցին Սևանի Սրբոց Հրեշատակապետաց եկեղեցի, որտեղ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանի կողմից կատարվեց նորակոչիկների օրհնության կարգ:

Ներկաները օրվա առիթով շնորհավորեցին նորակոչիկներին, խաղաղ և ապահով ծառայություն մաղթեցին՝ հույս հայտնելով, որ նրանք բարեխղճորեն ու պարտաճանաչ կերպով կկատարեն իրենց առջև դրված պարտականությունները և բարձր կպահեն իրենց հայրենիքի ու հայ զինվորի պատիվը։

Մինչ հրաժեշտը, Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի և Սևանի վետերան ոստիկանների միության կողմից ավանդույթի համաձայն նորակոչիկներին հանձնվեցին նվերներ:

Սևանը բանակ ճանապարհեց իր զավակներին, ճանապարհեց օրհնանքներով ու բարեմաղթանքներով: Բարի ծառայություն մեր նորակոչիկներին, խաղաղ ու ապահով ծառայողական ուղի՝ ի փառս Զինված ուժերի և Հայաստանի Հանրապետության։






