ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ

 «Մեկնարկել է 2026 թվականի ձմեռային զորակոչը, և դուք, սիրելի նորակոչիկներ, պատիվ ունեք համալրելու Հայոց բանակի, մեր զինված ուժերի շարքերը:

Հայ ժողովրդի և մեր պետության այս կարևորագույն ժամանակահատվածում ձեզ է վստահված հայրենիքի ու նրա սահմանների պաշտպանության կարևորագույն գործը: Դուք ձեր աչքի առաջ ունեք ձեր ավագ ընկերների սխրանքն ու հայրենասիրական լուսավոր օրինակները:

Ձեզ համար պարտքի ու պատասխանատվության ստանձնման, հպարտության անկրկնելի պահ է: Դուք դառնալու եք մեր բանակի մի մասնիկը` այն հզորացնելով, ամրացնելով ձեր ներկայությամբ:

Ես ցանկանում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը, զինվորագրվելով մեր զինված ուժերին, քաջ գիտակցի իր դերը ու ծառայի հայրենիքի տերն ու պաշտպանը լինելու սկզբունքով:

Իհարկե, ձեզ սպասվում են նաև դժվարություններ, փորձություններ, նոր մարտահրավերներ, բայց միևնույն ժամանակ դուք ստանձնում եք Հայոց բանակում ծառայելու պատիվը, և կարծում եմ` պատվով կհաղթահարեք ցանկացած դժվարություն:

Դուք մեր համայնքի լավագույն երիտասարդներից եք, մենք հպարտությամբ ենք ձեզ ճանապարհում հայրենիքի պարտքը կատարելու, միաժամանակ կիսում ենք ձեր ծնողերի ու հարազատների հուզմունքն ու անհանգստությունը:

Մենք հավատում ենք, որ 2026 թվականից մեկուկեսամյա դարձած ձեր ծառայությունը լինելու է գերազանց՝ հայրենիքի անվտանգությունն ու ապահովությունը դարձնելով գերակա:

Հայրենիքի զինվոր լինելը մեծագույն պատիվ է, և այսօր այդ պատվին արժանանում եք նաև դուք:

Սիրելի նորակոչիկներ

Ձեզ մաղթում ենք խաղաղ ու անվտանգ, արժանապատիվ ու բարի ծառայություն, բազկի ուժ, մտքի զորություն, հայրենիքի զինվորին վայել պահվածք:

Սևան համայնքը ճանապարհում է ձեզ մեծ հպարտությամբ և անհամբեր սպասելու է ձեր վերադարձին:

Աստված պահապան՝ ձեզ, ձեր ծառայակից ընկերներին, Հայոց բանակին և Հայաստանի Հանրապետությանը»: