ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, որի հռչակմամբ ևս մեկ անգամ բարձրաձայնվում են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, նրանց կյանքի որակի բարելավմանն ուղղված միջոցառումները, բարեփոխումներին միտված և լիակատար ինտեգրմանն ուղղված ծրագրերը:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները կարող են իրացվել միայն բոլորիս վարքագծային փոփոխությունների և վերաբերմունքի արդյունքում, պատշաճ միջավայրի ու պայմանների ստեղծմամբ, մարդակենտրոն ծրագրերի կյանքի կոչմամբ:

Իհարկե, ոլորտային հիմնախնդիրները քիչ չեն` միջավայրի մատչելիությունից մինչև հավասար պայմանների  ապահովում, բժշկասոցիալական միջոցառումներից մինչև զբաղվածության հասցեականություն, համարժեք վերաբերմունքի ձևավորումից` հասարակության իրազեկվածության բարձրացմանը ուղղված միջոցառումների իրականացում:

Յուրաքանչյուրիս պարտքն է՝ նպաստել, որպեսզի մեր կողքին ապրող սահմանափակ կարողություններ ունեցող անձինք կարողանան իրացնել իրենց իրավունքները, հնարավորություն ունենան լիարժեք օգտագործել իրենց ներուժը:

Կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի նշանակությունը և դրանց երկարաժամկետ ազդեցությունը՝ Սևան համայնքի, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի և Սևանի բժշակական կենտրոնի համագործակցությամբ արդյունավետ գործում են երեխաների և մեծահասակների վերականգնողական կենտրոնները, որոնք ծառայություններ են մատուցում  հաշմանդամության և զարգացման հապաղումներ ունեցող երեխաներին և մեծահասակներին` առողջապահական գործունեությանը զուգակցելով հոգեբանական աշխատանքը, միաժամանակ  ապահովելով վերականգնողական գործընթացի շարունակականությունը:

Ես ցանկանում եմ, որպեսզի մեր կողքին ապրող սահմանափակ կարողությունների տեր անձինք հնարավորություն ունենան լիարժեք իրացնել իրենց քաղաքացիական, սոցիալական, մշակութային իրավունքները, իսկ մենք՝ յուրաքանաչյուրս մեր հնարավորությունների չափով, պատրաստակամ լինենք՝ աջակցելու և նպաստելու նրանց իրավունքների իրացմանը` դառնալով զգայուն և արձագանքող հասարակություն, որի շնորհիվ կձևավորվի համերաշխ և ներառական միջավայր:

Հաշմանդամության խնդիրներ ունեցող անձինք հավասար են բոլոր հավասարների մեջ, որոնք իրենց ներկայությամբ, աշխատանքով նպաստել և այսուհետ էլ նպաաստելու են մեր երկրի և մեր համայնքի զարգացմանը:

Սիրելի հայրենակիցներ,

Տեղական իշխանությունը` ի դեմս համայնքի ղեկավարի, համայնքի ավագանու, համայնքապետարանի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների, լինելու են ձեր կողքին, պատրաստակամ` աջակցելու և նպաստելու ձեր խնդիրների լուծմանը:

Մաղթում եմ ձեզ արևշատություն, առողջություն, արժանապատիվ կյանք, հասարակական ու համայնքային կյանքին մասնակցելու ձեր իրավունքների լիարժեք իրացում և հնարավորություն: