Սիրելի ուսանողներ․
Շնորհավորում եմ ձեզ Ուսանողության միջազգային օրվա առթիվ, որը առաջադեմ հայացքների ու գաղափարների, լուսավոր երազանքների ու նպատակների խորհրդանիշն է:
Միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատություններում ուսումնառություն անցնող մեր երիտասարդները համայնքներն ու պետությունը ուժեղացնելու, կայուն առաջընթացն ապահովելու երաշխավորներն են:
Սիրելի ուսանողներ
Օգտվեք ձեզ ընձեռված լավագույն հնարավորությունից, սովորեք ու բացահայտեք ձեր ներուժը, վայելեք ուսանողական կյանքի չկրկնվող տարիները, գնացեք ձեր երազանքների հետևից՝ դրանք դարձնելով նպատակ:
Իմ երիտասարդ բարեկամներ,
Դուք մեր երկրի ու համայնքի այսօրն ու վաղն եք, մենք հպարտանում ենք ձեր հաջողություններով ու ձեռքբերումներով, ձեր ակտիվ դիրքորոշմամբ, ձեր նպատակասլացությամբ և հայրենասեր կեցվածքով: Ձեր ուսանողական տարիները թող դառնան արժապատիվ ապագա կերտելու երաշխիքը:
Դուք ապրում եք հետաքրքիր ժամանակաշրջան, որը պահանջում է ակտիվ ներգրավում հասարակական կյանքին, քաղաքացիական բարձր պատասխանատվություն:
Ես վստահ եմ, որ հենց դուք՝ այսօրվա ուսանողներդ` գիտակ ու խելացի, պատրաստված ու նվիրյալ, մեր համայնքին ու երկրին հաղորդելու եք թարմ շունչ, իսկ ձեր խոսքն ու գործը լինելու են որոշիչ ու վճռական։
Շնորհավոր տոնդ, սիրելի ուսանող
Քո նպատակներով ու ձգտումներով, գիտելիքներով և իմացությամբ, քո հստակ մտածողությամբ, ճիշտ դիրքորոշմամբ է պայմանավորված, թե ինչպիսի պետություն և համայնք ենք ունենալու ապագայում:
Յուրաքանչյուր օրը դարձրեք բացահայտելու և սովորելու հնարավորություն, ձգտեք ու առաջ գնացեք, զինվեք նոր գիտելիքներով, վայելեք ուսանող լինելու մեծագույն բերկրանքը:
Սիրելի երիտասարդներ
Այսօր, այս տոնական պահին իմ, համայնքի ղեկավարի աշխատակազմի, համայնքի ավագանու, բնակավայրերի վարչական ղեկավարների անունից Սևան համայնքի ուսանողներին մաղթում եմ վստահություն սեփական ուժերի նկատմամբ, կենսասիրություն, կամք և հաստատակամություն, առաջ գնալու նպատակասլացություն, առողջություն և երջանկություն, հաջողություն ուսման մեջ և անձնական կյանքում, վերելքներ ու համարձակ նախաձեռնություններ, ուսումնառության բովանդակալից ու նպատակասլաց տարիներ:
