Սիրելի աշակերտներ, ուսանողներ,
Հարգարժան մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,
Հարգելի ծնողներ,
Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և խաղաղության օրվա առթիվ:
Նոր ուսումնական տարին ազդարարում է սկիզբը նոր նպատակների, ձգտումների, ծրագրերի:
Ժամանակակից աշխարհը թերլադրում է իր պահանջները, իսկ կրթությունն անմիջական կրողն ու արձագանքողն է այդ պահանջների:
Գիտելիքի և որակյալ կրթության միջոցով մենք կարող ենք լուծել մեր առջև դրված խնդիրները:
Այսօրվա հրամակայանն էլ հստակ է՝ կրթել գիտելիքով հարուստ, մրցունակ, արժանապատիվ սերունդ:
Հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների պատերից ներս մենք պիտի սովորենք ոչ միայն ձեռք բերել գիտելիքներ, այլ նաև դրանք դարձնել հմտություն և կարողություն, որի շնորհիվ հնարավոր կլինի փոխել մեր շուրջը՝ էլ ավելի լավը դարձնելով մեր համայնքն ու երկիրը:
Հերթական 2025-2026 ուսումնական տարում աշակերտների ու սովորողների առջև կրկին իրենց դռներն են բացել Սևան համայնքի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցները, բազմագործառութային քոլեջը:
Ուզում եմ առանձնակի շնորհավորել առաջին անգամ դպրոց ոտք դնող իմ կրտսեր բարեկամներին, որոնց համար այս օրն ու պահն ունեն առանձնահատուկ նշանակություն:
Սիրելի առաջին դասարանցիներ,
Շնորհավորում եմ ձեզ փոքրիկ կյանքի մեծ տոնի առթիվ, մաղթում բարեհաջող մեկնարկ, ուսումնական անմոռաց ու բովանդակալից տարի:
Սիրելի աշակերտներ, յուրաքանչյուր նոր ուսումնական տարվա սկիզբ ձեզ համար նորի մեկնարկ է, թող այդ մեկնարկը լինի բարեհաջող, իսկ ուսումնառության ողջ տարին` լի ձեռքբերումներով ու հաջողություններով:
Լավ կրթությունը ձեր ապագայի երաշխավորն է, որն առավել քան կարևորվում է մեր ժամանակներում, երբ բանիմաց, գիտակ և պատրաստված անհատը հասարակության շարժիչ ուժն է:
Նոր ուսումնական տարվա առթիվ շնորհավորանքներս եմ հղում ուսանողներին: Շատերի համար այն հերթական ուսումնառության տարին է, մյուսների համար` կյանքի նոր շրջափուլի սկիզբ:
Հարգելի ուսանողներ
Պատվով կրեք ուսանող անունը, զինվեք գիտելիքների հարուստ պաշարով, որը ծառայեցնելու եք մեր պետության և համայնքի զարգացմանն ու առաջընթացին:
Հարգարժան մանկավարժներ, շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա կապակցությամբ: Անկախ ձեր աշխատանքային կենսագրությունից ու փորձառությունից` յուրաքանչյուր նոր ուսումնական տարվա սկիզբ տարբերվող է ու անկրկնելի:
Մաղթում եմ ձեզ առողջություն, բարեկեցություն, ուժ և եռանդ, համբերություն ու մասնագիտական նորանոր բարձունքներ:
Նոր ուսումնական տարին մեկնարկում է նաև համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում, նախակրթարաններում և արտադպրոցական հաստատություններում:
Փոքրիկներին մաղթում եմ խնամքի, դաստիարակության, կրթության լավագույն պայմաններ և հնարավորություններ, երեխաներին և պատանիներին` հագեցած առօրյա, դաստիարակներին ու դասատուներին` արդյունավետ ու լիարժեք աշխատանք:
Իմ կրտսեր ու պատանի բարեկամներ, սիրելի աշակերտներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, մանկավարժներ
Իմ, համայնքի ղեկավարի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների, համայնքի ավագանու անունից կրկին շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և խաղաղության օրվա առթիվ:
Գիտելիքն ու խաղաղությունն անբաժան են, և միայն խաղաղ ու անվտանգ պայմաններում է հնարավոր ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ, այդ գիտելիքները ծառայեցնել մեր երկրի բարօրության ու զարգացմանը:
Մենք լավ գիտենք խաղաղության գինը: Այդ ճանապարհին իրենց կյանքն են զոհասեղանին դրել մեր լավագույն տղաները` պատգամելով` սիրել ու հզորացնել մեր երկիրը: Արժանի լինենք նրանց գործին ու անվանը, հավատարիմ` նրանց պատգամին:
Սիրելի աշակերտներ, ուսանողներ,
Հարգարժան մանկավարժներ, դաստիարակներ
Մաղթում եմ բոլորիդ արդյունավետ և հագեցած ուսումնական տարի, նպատակասլաց գործունեություն, մասնագիտական և անձնական հաջողություններ, առողջություն և արևշատություն:
Մաղթում եմ բարի երթ ու բարի ընթացք 2025-2026 ուսումնական տարվա առթիվ: