ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի   աշակերտներ, ուսանողներ,

Հարգարժան մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,

Հարգելի ծնողներ,

 Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և խաղաղության օրվա առթիվ:  

Նոր ուսումնական տարին ազդարարում է սկիզբը նոր նպատակների, ձգտումների, ծրագրերի:

Ժամանակակից աշխարհը թերլադրում է իր պահանջները, իսկ կրթությունն անմիջական կրողն ու արձագանքողն է այդ պահանջների:

Գիտելիքի և որակյալ կրթության միջոցով մենք կարող ենք լուծել մեր առջև դրված խնդիրները:

Այսօրվա հրամակայանն էլ հստակ է՝ կրթել գիտելիքով հարուստ, մրցունակ, արժանապատիվ սերունդ:

Հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների պատերից ներս մենք պիտի սովորենք ոչ միայն ձեռք բերել գիտելիքներ, այլ նաև դրանք դարձնել հմտություն և կարողություն, որի շնորհիվ հնարավոր կլինի փոխել մեր շուրջը՝ էլ ավելի լավը դարձնելով մեր համայնքն ու երկիրը:

Հերթական 2025-2026 ուսումնական տարում աշակերտների ու սովորողների առջև  կրկին իրենց դռներն են բացել Սևան համայնքի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցները, բազմագործառութային քոլեջը:

Ուզում եմ առանձնակի շնորհավորել առաջին անգամ դպրոց ոտք դնող իմ կրտսեր բարեկամներին, որոնց համար այս օրն ու պահն ունեն առանձնահատուկ նշանակություն:

Սիրելի առաջին դասարանցիներ,

Շնորհավորում եմ ձեզ  փոքրիկ կյանքի մեծ տոնի առթիվ, մաղթում  բարեհաջող մեկնարկ, ուսումնական անմոռաց ու բովանդակալից  տարի:

Սիրելի աշակերտներ, յուրաքանչյուր նոր ուսումնական տարվա սկիզբ  ձեզ համար նորի  մեկնարկ է, թող  այդ մեկնարկը լինի բարեհաջող, իսկ ուսումնառության ողջ տարին` լի ձեռքբերումներով ու հաջողություններով:

Լավ կրթությունը ձեր ապագայի երաշխավորն է, որն առավել քան կարևորվում է մեր ժամանակներում, երբ բանիմաց, գիտակ և պատրաստված անհատը հասարակության շարժիչ ուժն է:

Նոր ուսումնական տարվա առթիվ շնորհավորանքներս եմ հղում ուսանողներին: Շատերի համար այն հերթական ուսումնառության տարին է, մյուսների համար` կյանքի նոր շրջափուլի սկիզբ:

Հարգելի ուսանողներ

Պատվով կրեք ուսանող անունը, զինվեք գիտելիքների հարուստ պաշարով, որը ծառայեցնելու եք մեր պետության և համայնքի զարգացմանն ու առաջընթացին:

Հարգարժան մանկավարժներ, շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա կապակցությամբ: Անկախ ձեր աշխատանքային կենսագրությունից ու փորձառությունից` յուրաքանչյուր նոր ուսումնական տարվա սկիզբ տարբերվող է ու անկրկնելի:

Մաղթում եմ ձեզ առողջություն, բարեկեցություն, ուժ և եռանդ, համբերություն ու մասնագիտական նորանոր բարձունքներ:

Նոր ուսումնական տարին մեկնարկում է նաև համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում, նախակրթարաններում և արտադպրոցական հաստատություններում:

Փոքրիկներին մաղթում եմ խնամքի, դաստիարակության, կրթության լավագույն պայմաններ և հնարավորություններ, երեխաներին և պատանիներին` հագեցած առօրյա, դաստիարակներին ու դասատուներին` արդյունավետ ու լիարժեք աշխատանք:

Իմ կրտսեր ու պատանի բարեկամներ, սիրելի աշակերտներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ,   մանկավարժներ

Իմ, համայնքի ղեկավարի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների, համայնքի ավագանու անունից կրկին շնորհավորում եմ բոլորիս  Գիտելիքի և խաղաղության օրվա առթիվ:

Գիտելիքն ու խաղաղությունն անբաժան են, և միայն խաղաղ ու անվտանգ պայմաններում է հնարավոր ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ, այդ գիտելիքները ծառայեցնել մեր երկրի բարօրության ու զարգացմանը:

Մենք լավ գիտենք խաղաղության գինը: Այդ ճանապարհին իրենց կյանքն են  զոհասեղանին դրել  մեր լավագույն տղաները` պատգամելով`  սիրել ու հզորացնել մեր երկիրը: Արժանի լինենք նրանց գործին ու անվանը, հավատարիմ` նրանց պատգամին:

Սիրելի աշակերտներ, ուսանողներ,

Հարգարժան մանկավարժներ, դաստիարակներ

Մաղթում եմ բոլորիդ արդյունավետ և հագեցած  ուսումնական տարի, նպատակասլաց գործունեություն, մասնագիտական և անձնական հաջողություններ, առողջություն և արևշատություն:

Մաղթում եմ բարի երթ ու բարի ընթացք 2025-2026 ուսումնական տարվա առթիվ: