Հոկտեմբերի 24-ին Հրազդան գետում Սևանի ջրային մարզաձևերի դպրոցի նախաձեռնությամբ անցկացվեց հուշամրցաշար նվիրված դպրոցի նախկին սան, 44-օրյա պատերազմում զոհված Գորիս Հովսեփյանի հիշատակին:

Հուշամրցաշարին մասնակցեցին 50-ից ավել մարզիկներ՝ Սևանից, Հրազդանից, Ապագայից: Հաղթողները պարգևատրվեցին Գորիս Հովսեփյանի անվան հուշամեդալներով և գավաթներով: Գորիսը զբաղվել է տարբեր մարզաձևերով: Ամենից շատ սիրում էր թիավարությունը։


Մասնակցել է շատ մրցումների ու միշտ զբաղեցրել է բարձր հորիզոնականներ։ Ստացել է շատ պատվոգրեր, մեդալներ ու մրցանակներ։ Գորիսը սկզբնական շրջանում ծառայում էր Էջմիածնում, 6 ամիս հետո Գորիսը տեղափոխվել է Արցախ։
Իր ծառայակից ընկերների հետ անառիկ են պահել Ակնայի դիրքերը։ Թեժ մարտերի ընթացքում իր կամքով տեղափոխվել է Հադրութ։ 2020-ի հոկտեմբերի 12-ին հերթական մարտական առաջադրանքը գերազանց կատարելուց հետո թշնամին նկատել է իրենց խումբը։
ԱԹՍ-ի հարվածից անմահացան խմբի 15 հերոս տղաները՝ այդ թվում նաև Գորիսը։
Գորիսի անունն է կրում Ցամաքաբերդի միջնակարգ դպրոցի ՆԶՊ առարկայի դասարանը:

Սևանի Ցամաքաբերդ թաղամասի բնակիչների նախաձեռնությամբ Ցամաքաբերդում կանգնեցվել է Խաչքար և Արծիվ-հուշարձան նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Գորիս Հովսեփյանի հիշատակին։ Գորիսը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:
