Սևան համայնքում անցկացվեց «Գեղարքունյաց ձմեռ-2026» ավանդական մարզամշակութային տոնակատարությունը «Լինենք առողջ» խորագրով։

Ավանդույթի համաձայն` յուրաքանչյուր տարվա փետրվար ամսին համայնքներում տեղի են ունենում մարզամշակութային միջոցառումներ, որոնք համախմբում են մարզիկներին ու մարզասերներին` նպաստելով սպորտի մասսայականացմանը, առողջ ապրելակերպի ձևավորմանը:
Փետրվարի 20-ին Սևանի բազմագործառութային քոլեջի հարակից խաղահրապարակում անցկացվեց «Գեղարքունյաց ձմեռ-2026» ավանդական մարզամշակութային տոնակատարությունը «Լինենք առողջ» խորագրով։

Կազմակերպիչներն էին Սևանի համայնքապետարանը, Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը, համայնքային մշակութային կենտրոնը։

Միջոցառման նպատակն է համայնքում մասսայականացնել ձմեռային մարզաձևերը և ազգային խաղերը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, մարզական կազմակերպությունների կողմից համագործակցված աշխատանք տանել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ուղղությամբ, համայնքի ազգաբնակչության առօրյայում արմատավորել առողջ ապրելակերպ։

 Միջոցառմանը մասնակցում էին Սևան համայնքի հանրակրթական դպրոցների, Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի աշակերտներն ու սաները, մարզասերներ, բնակիչներ:

Սևանի ՈՄԱ մարզասրահում անցկացվեցին հրաձգության մրցումներ, որտեղ իրենց հրաձգության կարողությունները չափեցին Սևանի և բնակավայրերի հանրակրթական դպրոցների բարձր դասարնների աշակերտները:

Այնուհետև Սևանի բազմագործառութային քոլեջի հարակից տարածքում գտնվող խաղահրապարակում տեղի ունեցավ տոնակատարության բացումը։:

Մարզամշակութային միջոցառման ընթացքում անցկացվեցին մրցումներ հետևյալ խաղամարզաձևերում՝

— Պարանի ձգում /թիմերով/.

— 8-16կգ կշռաքարի բարձրացում /ազատ ոճով/.

— Ազգային կոխ ըմբշամարտի անցկացում.

— Նետում նշանակետին.

— Ձնեմարդի պատրաստում

— Չմշկասահք

— Հրաձգություն

— Բարձունքի գրավում (Մեծեփ)

Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեցին շախմատի և մինի ֆուտբոլի մրցաշարեր:

Հետաքրքիր և լարված մրցումները գնահատվեցին մրցավարների կողմից, որին հաջորդեց արդյունքների ամփոփումը:


Տոնակատարության վերջում լավագույն մասնակիցները և հաստատությունները պարգևատրվեցին համայնքի ղեկավարի հավաստագրերով, պատվոգրերով, շնորհակալագրերով,  հուշանվերներով ու գավաթներով: