Գեղարքունիքի մարզի պարեկները Սևանի Մ․ Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցի աշակերտներին ծանոթացրել են անվտանգ երթևեկության կանոններին։

ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված իրազեկման միջոցառումները՝ նպատակ ունենալով ձևավորել անվտանգային մշակույթ և պատասխանատու վարքագիծ։

Այդ համատեքստում փետրվարի 20-ին Գեղարքունիքի մարզի պարեկները և Սևանի համայնքային ոստիկանները Սևան քաղաքի Մ․ Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցում «Ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները» թեմայով գործնական դասընթաց են անցկացրել։

Պարեկները դպրոցականներին ներկայացրել են հասարակական կարգի պահպանման և ճանապարհային անվտանգ երթևեկության կանոնները։

Դպրոցականներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել պարեկներին և ստացել սպառիչ պատասխաններ:

Դպրոցներում պարբերաբար անցկացվող նման դասընթացները միտված են անվտանգ ճանապարհային միջավայրի ստեղծմանը և երեխաների մոտ պատասխանատու վարքագծի ձևավորմանը։

Հանդիպման վերջում տեխնիկական գծով ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանը դպրոցականներին ծանոթացրեց պարեկային ավտոմեքենայի տեխնիկական հագեցվածությանը։

Պահպանե՛նք երթևեկության անվտանգության կանոնները,
օգտվե՛նք հետիոտնային անցումներից։
Միասին ձևավորենք ավելի անվտանգ ու պատասխանատու երթևեկության մշակույթ։