Սեպտեմբերի 22-ին մեկնարկեց Սևան համայնքի ավագանու 10-րդ նստաշրջանը։

Սեպտեմբերի 22-ին մեկնարկեց Սևան համայնքի ավագանու 10-րդ նստաշրջանը։

Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Մարիանա Ռաֆայելյանը ներկայացրեց Սևան համայնքի 2026թվականի բյուջեի 1-ին կիսամյակի վերաբերյալ հաղորդագրությունը:

Համաձայն ներկայացված հաղորդագրության՝ Սևան համայնքի 2026 թվականի բյուջեի առաջին կիսամյակի եկամուտների /վարչական և ֆոնդային բյուջեները միասին/ պլանը կատարվել է 91.9 %-ով /պլան` 1530893.5 հ․ դրամ, փաստացի ՝ 1407042.3 դրամ/, թերակատարումը կազմել է 123851.2 հազ. դրամ։

Վարչական բյուջեի պլանը /ճշտված/ կազմել է 1220893.5 հազ․ դրամ, որի դիմաց որպես սեփական եկամուտ հավաքագրվել և պետական բյուջեից դոտացիա է ստացվել 1238886.7 հազ. դրամ, կատարվել է 101.47 % ով, առկա է 17993.2 հազ. դրամ եկամուտների գերակատարում։

Բանախոսը ներկայացրեց 2026 թվականի բյուջեի 1-ին կիսամյակում ցուցանիշները՝ եկամտային, ծախսային բաղադրիչներով, ինչպես նաև համեմատականներ անցկացրեց անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ:

Հաջորդիվ ավագանին փոփոխություններ կատարեց Սևան համայնքի ավագանու 2025թ-ի դեկտեմբերի 18-ի «Սևան համայնքի 2026թ-ի բյուջեն հաստատելու մասին» N148-Ն որոշման և 2025թ-ի նոյեմբերի 18-ի թիվ 125-Ն որոշման մեջ։Առաջինը պայմանավորված էր Սևան համայնքի բյուջեի եկամտային մասում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ փոխադարձ հաշվարկների ճշտման արդյունքում «պետական հողերի վարձակալությունից եկամուտներ» տողում պլանի ավելացմամբ, տեղական վճարների պլանի վերանայման, պետական և միջազգային կառույցների կողմից իրականացված ծրագրերի, դրամաշնորհների տրամադրմամբ, ինչպես նաև շենք-շինությունների թույլտվությունների գծով տեղական տուրքերի պլանով, ինքնակամ կառույցների օրինականացմամբ։

Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը հանձնարարեց սկսել 2027թ-ի բյուջեի քննարկումները, որի մեջ անպայման ներառել 2027թ-ին Սևանի համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հնարավոր տարբերակները։

Սևան համայնքի ավագանին հաստատեց «Սևանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ ըստ որի Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար բառը փոխարինվեց աշխատակազմի ղեկավար բառով, ինչպես նաև Սևան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների կանոնադրությունները նոր խմբագրությամբ։

Այնուհետև ավագանու որոշմամբ կոշտ կենցաղային թափոնների աղբահանության իրականացման համար հերթական դրամաշնորհը հատկացվեց  «Կոտայքի եվ Գեղարքունիքի մարզի ԿԿԹԿ» ՍՊԸ-ին։ Համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը դարձյալ հորդորեց համայնքի բնակչությանը մուծել աղբահանության վարձավճարները։

Փոփոխություն կատարվեց Սևան համայնքի ավագանու 2006թ-ի սեպտեմբերի 8-ի թիվ 5 որոշման մեջ՝ ըստ որի բնակարանի սերտիֆիկատ ստացած 8 զինհաշմանդամներ հանվեցին կարիքավորների ցուցակից։

Առաջին հանրային լսումը կայացել է և Սևան համայնքի ավագանին իր նախնական համաձայնությունը տվեց Սևան համայնքի վարչական տարածքում գտնվող «Ախթամար» հուշարձանի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներին Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը։

Ավագանին հաստատեց Սևան համայնքի կողմից 2026թ-ի հունիս-օգոստոս ամիսներին համայնքային սեփականություն հանդիսացող օտարված գույքի գույքագրման փաստաթղթերը և տվեց իր համաձայնությունը Սևան համայնքի Զովաբեր, Չկալովկա, Ծաղկունք, Ծովագյուղ, Նորաշեն, Սեմյոնովկա բնակավայրերում առկա համայնքային արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքը պետական սեփականության հանձնելուն։

Լրացում և փոփոխություն կատարվեց Սևան համայնքի ավագանու 2026թ-ի մայիսի 13-ի N64-Ա որոշման ՝ ըստ որի Սևան քաղաքում հեծանվաուղին կանցնի Սայաթ-Նովա-Նաիրյան—Էներգետիկների փողոցներով։

Ավագանու որոշմամբ Սևան համայնքի Սևան քաղաքի, Դդմաշեն, Գագարին, Ծաղկունք բնակավայրերում անվանակոչվեցին կամ համարակալվեցին մի շարք փողոցներ, իսկ Գեղմավանում կստեղծվի «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գեղմավան բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ։

Նիստի վերջում ներկայացվեցին և քննարկվեցին քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված դիմումները, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:

Սևան համայնքի ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերին: