Տեղի ունեցավ ԵՄ Կայուն էներգիա-2026-ի շրջանակներում Սևանում անցկացված մրցույթների մրցանակաբաշխությունը և ամփոփիչ միջոցառումը։

Հուլիսի 8-ին Սևանի Բիզնես կենտրոնում տեղի ունեցավ ԵՄ Կայուն էներգիա-2026-ի շրջանակներում Սևանում անցկացված մրցույթների մրցանակաբաշխությունը և ամփոփիչ միջոցառում, որին ներկա էին «Քաղաքապետերի դաշնագիր արևելք» ծրագրի տարածաշրջանային աշխատանքային խմբի գործող ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգը, «Քաղաքապետերի դաշնագիր արևելք» ծրագրի տարածաշրջանային աշխատանքային խմբի նոր ղեկավար Իան Տյորները, «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը, հաղորդակցության գծով փորձագետ Տաթևիկ Հարությունյանը։

Սևան համայնքում 2026 թվականի ապրիլ-հունիս ամիսներին, ԵՄ Կայուն էներգիա-2026-ի շրջանակներում, որ այս տարի կրում էր «Մաքուր, անվտանգ և մրցունակ էներգետիկ միություն» խորագիրը, տեղի ունեցան երեքտասնյակից ավելի միջոցառումներ, նախաձեռնություններ, մրցույթներ:

Մրցույթների մասնակից դպրոցները, կազմակերպությունները և անհատներն իրենց աշխատանքները և պատրաստած նյութերը ներկայացրել էին Սևանի համայնքապետարան, որտեղ հանձնաժողովի կողմից և հավանումների արդյունքում ընտրվել են լավագույն աշխատանքները յոթ անվանակարգերում։

Լավագույն աշխատանքների հեղինակները ստացան մրցանակներ, հավաստագրեր, ակտիվ մասնակցություն ունեցած կազմակերպությունները, հաստատությունները, անհատները խրախուսվեցին շնորհակալագրերով, պատվոգրերով, հուշանվերներով:

Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի կողմից պատվոգրերը, շնորհակալագրերն ու նվերները հանձնեց Սևանի համայնքապետարանի աշխատակազմնի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը։

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան Սևան համայնքը միանում է 6-րդ անգամ, այս տարի՝ «Մաքուր, անվտանգ և մրցունակ էներգետիկ միություն» խորագրի ներքո:

Ամփոփիչ միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց այս տարի անցկացված միջոցառումներին, մրցույթներին և նախաձեռնություններին, նշվեցին նաև այն նորամուծությունները, որոնք նոր շունչ և թարմություն հաղորդեցին անցկացված միջոցառումներին:

Սևան համայնքի ղեկավարի պատվոգրին արժանացան «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը, հաղորդակցության գծով փորձագետ Տաթևիկ Հարությունյանը:

Համայնքի կողմից խորհրդանշական հուշանվերներ ստացան «Քաղաքապետերի դաշնագիր արևելք» ծրագրի տարածաշրջանային աշխատանքային խմբի գործող ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգը, «Քաղաքապետերի դաշնագիր արևելք» ծրագրի տարածաշրջանային աշխատանքային խմբի նոր ղեկավար Իան Տյորները:

Այս տարի Սևան համայնքը ներկայացավ աննախադեպ թվով միջոցառումներով և նախաձեռնություններով, որի մասին նշեցին նաև «Քաղաքապետերի դաշնագիր արևելք» ծրագրի ներկայացուցիչները, միաժամանակ հայտնեցին, որ շուտով տեղի է ունենալու ազգային մրցանակաբաշխություն,որին ներկայացվել են Սևան համայնքի կողմից տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված աշխատանքները:

Հիշեցնենք, որ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա հիմնական նպատակն է՝ միավորել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, մասնավոր ընկերություններին, հասարակական կազմակերպություններին, համայնքների բնակիչներին և այլ շահառուների՝ տարբեր միջոցառումների միջոցով կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության, ինչպես նաև էներգետիկ աղքատության հաղթահարմանն ուղղված նախաձեռնությունների և միջոցառումների մասին տեղեկատվության տարածման, ինչպես նաև դրանց իրականացման խթանման նպատակով՝ հանուն մաքուր, անվտանգ և կայուն զարգացման: