2025 թվականի մայիսից «Սևանի տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն «ԾովԵՄ» երիտասարդական կենտրոնում իրականացնում է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող «Թափոնից հրաշք․շրջանաձևությամբ ստեղծված մշակութային հուշանվերներ Սևանից» ծրագիրը:

Ծրագրի նպատակն է խթանել կանաչ մտածողությունը, հոգալ շրջակա միջավայրի պաշտպանության մասին, զարգացնել ստեղծագործական ձեռներեցությունը Սևան համայնքի երիտասարդների շրջանում:

Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի ԾովԵՄ երիտասարդական կենտրոնում նոյեմբերի 20–ին հյուրընկալվել էր Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարգե Մարդիսալու-Կահարին՝ դեսպանատան աշխատակիցների ուղեկցությամբ:

Դեսպանին ընդունեցին Սևանի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետ Դավիթ Թորոսյանը, «Սևանի տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանը, երիտասարդական կենտրոնի շահառուները:

Ծրագրի շրջանակներում կենտրոնում ստեղծվել է շրջանառու տնտեսության ուսումնական լաբորատորիա, որտեղ երիտասարդները սովորել և սովորում են պլաստիկ թափոնները վերածել 3Դ տպագրությամբ արժեքավոր հուշանվերների, որոնք ներկայացնում են համայնքի մշակութային ժառանգության տարբեր տարրեր:

Դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին ծանոթացավ երիտասարդների կողմից կատարված աշխատանքներին, երիտասարդական կենտրոնի գործունեությանը, հետագա ծրագրերին, քննարկվեցին հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

Ծրագրի շնորհիվ համայնքի 12 երիտասարդի տրամադրվել է գործնական հմտություններ պլաստիկի վերամշակման, 3Դ մոդելավորման և կայուն զբոսաշրջության ոլորտներում:


Սևանի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետ Դավիթ Թորոսյանի և դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարիի քննարկումները վերաբերում էին Սևան համայնքի հետ գործընկերային հարաբերությունների զարգացմանը, որի վերաբերյալ ձեռք բերվեց նախնական պայմանավորվածություն:


