Հունիսի 19–ին Սևանի Հովհ․Այվազովսկու անվան արվեստի դպրոցում ուսումնական տարվա ամփոփիչ ցուցահանդեսով եզրափակվեցին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումները Սևան համայնքում, որոնք այս տարի անցկացվեցին «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» կարգախոսով:
Սևանի համայնքապետարանի կողմից կազմակերպված կայուն էներգիայի շաբաթվա թեմային համահունչ վերջին մեկ ամսվա ընթացքում նախապատրաստվել և անցկացվեցին շուրջ 20 միջոցառում և նախաձեռնություն տարբեր ուսումնական ու կրթական հաստատություներում, որոնց մեկնարկը տրվեց մայիսի 14-ին։
Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցի հարկի տակ հավաքվել էին ԵՄ Կայուն էներգիայի օրերի մասնակիցները, մրցույթների հաղթողները, որոնց սպասվում էր հաճելի անակնկալ:

Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը նախ՝ շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին՝ կարևորելով ԵՄ Կայուն էներգիայի օրերի անցկացումը և դրա նշանակությունը, ապա՝ ներկայացրեց այն աշխատանքները և միջոցառումները, որոնք այս տարի մեկ ամսից ավելի անցկացվել են տարբեր հաստատություններում, կազմակերպություններում:














Սևանի համայնքապետարանի կողմից պատվոգրեր և հուշանվերներ ստացան այն կազմակերպությունները, հաստատությունները և անհատները, որոնք ցուցաբերել էին նախաձեռնություն և հեղինակել էին տարբեր միջոցառումներ:










Շնորհակալագրերի և հուշանվերների արժանացան մրցույթներին հայտ ներկայացրած և հաղթած երեխաների ուսուցիչները:






Սևան համայնքում մեկ ամսվա ընթացքում հայտարարվել էին տեսանյութերի, նկարչական և լուսանկարչական աշխատանքների մրցույթներ, ամփոփվել էին մրցույթի արդյունքները և լավագույն աշխատանքների հեղինակները արժանացան հավաստագրերի և թեմատիկ հուշանվերների:

Պարգևատրված մասնակիցները ներկայացրին իրենց աշխատանքները, ինչպես նաև շնորհակալություն հայտնեցին իրենց աշխատանքը գնահատելու և հանրայնացնելու համար:
Նույն օրը Սևանի Հովհ․ Այվազովսկու անվան արվեստի դպրոցում տեղի ունեցավ տարեվերջյան հաշվետու ցուցահանդեսը։ Ճեմասրահում ցուցադրված էին ուսումնական տարվա ընթացքում երեխաների նկարչական և ձեռագործ աշխատանքները։ Շուրջ 350 աշակերտ և 20-ից ավել խմբակներ ունեցող Սևանի արվեստի դպրոց հաճախողների թիվը գնալով ավելանում է, ձեռքբերումները՝ նույնպես։


Այս տարի Արվեստի դպրոցի սան Ռիտա Բարսեղյանը (դասատու՝ Էմմա Գալստյան) իր «Մայր բնությունը» խորագիրով նկարով ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցած «Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսում կրտսեր տարիքային խմբում զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ ստանալով դիպլոմ և գավաթ։ Դիպլոմով պարգևատրվել է նաև նկարչական բաժնի դասատու Էմմա Գալստյանը, իսկ Սևանի Հովհաննես Այվազովսկու անվան արվեստի դպրոցն էլ «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի կողմից արժանացել է շնորհակալագրի լավագույն և ակտիվ մասնակցության համար:








Սևանի համայնքապետարանի աշխատակիցներն ու մյուս ներկաները դիտեցին ցուցահանդեսը՝ բարձր գնահատական տալով երեխաների ձեռքի աշխատանքների նմուշներին, ոգևորեցին երեխաներին` հաջողություններ մաղթելով հետագա ստեղծագործական աշխատանքում:







Դպրոցի տնօրեն Հասմիկ Խանդանյանի կողմից պատվոգրեր են հանձնվել մրցույթներին մասնակցություն ունեցած և բարձր հորիզոնականներ զբաղեցրած աշակերտներին և նրանց ուսուցիչներին։