Հունիսի 6-ին Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճում ցուցադրվեց Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանը» էկոներկայացումը։

Ներկայացման Գաղափարի հեղինակն ու ռեժիսորը Հերմինե Անդրիկյանն է, նկարիչը, քանդակագործն ու դեկորատորը ժողովրդական վարպետ Վիգեն Հակոբյանն է։ Ներկայացման երգերը հատուկ պատվիրված են, որոնք հեղինակել են կոմպոզիտոր Աննա Հակոբջանյանը, գրող Հրաչ Բեգլարյանը, գործիքավորող Վահան Նահապետյանը։

Սևանի տիկնիկային թատրոնի մասնակիցները նոր շունչ ու գույն էին հաղորդել «Փոքրիկ իշխան»-ին՝ այն համեմելով բնապահպանական շեշտադրումներով, մեր մոլորակը մաքուր ու ավելի լավը դարձնելու սցենարային լուծումներով:
Մուտքն էլ, ինչպես ազդարարվել էր սկզբում, մեկ վարդով էր, որը ևս խորհրդանշական էր:

_____
Հայտնի են ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական աշխատանքների մրցույթի հաղթողները:

Հայտարարված մրցույթի շրջանակներում Սևանի համայնքապետարանը ստացել է շուրջ երկուտասնյակ նկարչական թեմատիկ աշխատանքներ:

Ներկայացված աշխատանքներից լավագույնն են ճանաչվել Լիլիթ Ղարիբյանի (9 տարեկան), Լաուրա Թովմասյանի (15 տարեկան), Սոնա Բադալյանի (11 տարեկան) և Միշել Գրիգորյանի (8 տարեկան) աշխատանքները, որոնք կներկայացվեն ազգային մակարդակով մրցանակաբաշխությանը մասնակցելու համար:


_____
Սևանի համայնքապետարանի կողմից կազմակերպված միջոցառումների հերթական հասցեն Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրն էր, որտեղ հունիսի 7-ին կազմակերպվել էր էկոարշավ՝ «Ճանաչենք մեր բնաշխարհը և պահպանենք այն» խորագրով:

Իրականացվող արշավին ընդառաջ Ծովագյուղ բնակավայրում գործող երիտասարդական կենտրոնում կազմակերպվել էր իրազեկման հանդիպում արշավների ժամանակ անվտանգության, հանդերձանքի և հարակից հարցերի վերաբերյալ:

«ԾովԵՄ» կենտրոնի երիտասարդների նախաձեռնությամբ կազմակերպված էկոարշավի մասնակիցները ոչ միայն հաղթահարեցին մոտակա լեռնային արահետները՝ վայելելով բնությունն ու մաքուր օդը, այլև իրականացրին մաքրման աշխատանքներ՝ բնության հանդեպ հոգատար վերաբերմունքն արտահայտելով գործով։

Այս նախաձեռնությունը հիանալի օրինակ է բնաշխաարհը ճանաչելու, պահպանելու, ինչպես նաև ակտիվ հանգիստը համատեղելու՝ բնության նկատմամբ պատասխանատվության դրսևորմամբ։


______
Հունիսի 10-ին Ծովագյուղ բնակավայրի «ԾովԵՄ» բնական հողագործության, էներգոարդյունավետության և գյուղական տուրիզմի նորարարական դպրոց երիտասարդական կենտրոնում անցկացվեց հանդիպում-քննարկում «Նորարարական լուծումներ կանաչ անցման շրջանակներում» թեմայով, որտեղ երիտասարդների կողմից առաջ քաշվեցին կայուն էներգիայի օգտագործման նոր ու հետաքրքիր գաղափարներ՝ կարևորելով շրջանաձև տնտեսության դերը արդի ժամանակաշրջանում: Մասնակիցները քննարկեցին նաև շրջակա միջավայրի հիմնախնդիրներ և թափոնների կառավարման լավագույն փորձեր։



_____
Եկող շաբաթ Սևանի համայնքապետարանում կամփոփեն Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումները (1-ամսյակ) և երեխաների ու երիտասարդների համար հայտարարված «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական աշխատանքների, «5 քայլ դեպի էներգախնայողություն» և «Իմ կանաչ քաղաքը» խորագրերով կարճ տեսահոլովակների նկարահանման, «Կանաչ աշխարհ» խորագրով լուսանկարչական աշխատանքների մրցույթների արդյունքները։ Լավագույնը ճանաչված աշխատանքները կուղարկվեն Հայաստանի Համայնքների միություն՝ ազգային մակարդակով մրցանակաբաշխությանը մասնակցելու համար:

——

Սևան համայնքում մայիսի 10-ից մեկնարկել են ԵՄ Կայուն էներգիայի օրերը, որոնք այս տարի անցկացվում են են «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» կարգախոսով:

Սևան համայնքը 2020 թվականից միացել է Կայուն էներգիայի շաբաթվան` ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո: Համայնքում կազմակերպվում են Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված բազմաբովանդակ միջոցառումներ, նախաձեռնություններ, պարապմունքներ, մրցույթներ, իրազեկման արշավներ, սպորտլանդիաներ, հեծանվաարշավներ, ցուցահանդեսներ:
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի նպատակն է միավորել և աջակցություն տրամադրել Արևելյան գործընկերության երկրների տեղական ինքնակառավարման մարմիններին՝ կայուն էներգետիկ և կլիմայական զարգացման սկզբունքների վրա հիմնված քաղաքականության իրականացման նպատակով: