Գեղարքունիքի մարզում շարունակվում են ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսության ոլորտի 2025 թվականի պետական օժանդակության ծրագրերի իրազեկման աշխատանքները: Այս տարի հացահատիկայինից մինչև հատիկաընդեղային, կերային մշակաբույսեր աճեցնողներին գյուղաշխատանքների ծախսի ու հավաստագրված սերմացուի գնի 50 տոկոս փոխհատուցում է նախատեսված:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ մարզում մեկնարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Բուսաբուծության աջակցության ծրագրի» իրազեկման աշխատանքները: Ապրիլի 9-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության մասնագետները եղան Սևան համայնքում, որտեղ իրականացրին ՀՀ կառավարության կողմից մշակված «Բուսաբուծության աջակցության ծրագրի» իրազեկման աշխատանքներ։

Հանդիպմանը մասնակցում էին Սևանի համայնքապետարանի պատասխանատու աշխատողներ, գյուղատնտեսության ոլորտի մասնագետներ, Սևանի բնակավայրերի վարչական ղեկավարներ, գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները խոսեցին ՀՀ կառավարության աջակցությամբ 2025 թվականին իրականացվող ծրագրի բովանդակության, դրանից օգտվելու հնարավորությունների, ծրագրի արդյունավետության մասին, պատասխանեցին ներկաների կողմից գյուղատնտեսության և բուսաբուծության ոլորտներին առնչվող հարցերի։

ՀՀ կառավարության կողմից իրականացվող Բուսաբուծության աջակցության ծրագրի նպատակն է ընդլայնել հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և կերային մշակաբույսերի ցանքատարածությունների ծավալները, նպաստել դրանց մշակության արդյունավետության բարձրացմանը, համախառն արտադրանքի ավելացման միջոցով բարձրացնել պարենային ապահովվածության մակարդակը, ինչպես նաև բարելավել գյուղատնտեսական նշանակության հողերի որակական հատկանիշները:

Արտադրողականության բարձրացման նպատակով նախատեսվում է ցանքերն իրականացնել բացառապես հավաստագրված սերմերով։

Ծրագրով նախատեսվում է 2025 թվականին փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով հացահատիկային (աշնանացան և գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) և կերային մշակաբույսերի (առվույտ, կորնգան, կերի ճակնդեղ) մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վարի, ցանքի, բերքահավաքի) և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 տոկոսը։

Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով՝

✅ աշնանացան ցորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 80 000 դրամ,

✅ գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 70 000 ՀՀ դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85 000 ՀՀ դրամ,

✅ հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 100 000 ՀՀ դրամ,

✅ կերային մշակաբույսերից առվույտի, կորնգանի 1 հեկտար մակերեսի մշակության հաշվով՝ 110 000 ՀՀ դրամ, իսկ կերի ճակնդեղի համար՝ 80 000 դրամ։