Մասնակցային բյուջետավորում — 2025․ Սևան համայնքում ավարտվել է քվեարկության փուլը։

2025 թվականին Սևան համայնքում մեկնարկել և իրականացվում է մասնակցային բյուջետավորման գործընթացը, որը լավագույն հարթակ է՝ համայնքի բնակիչների կողմից բարձրաձայնելու համայնքում առկա խնդիրները և ներկայացնելու առաջարկ-նախագծեր դրանց լուծման համար։

Առաջարկ-նախագծերի ներկայացման փուլն ավարտվել է ապրիլի 17-ին, որին հաջորդել է ներկայացված 6 ծրագրի քվեարկությունը:

2025 թվականի մայիսի 23-ից հունիսի 23-ը ներառյալ Սևան համայնքի բնակիչները հնարավորություն ունեցան առցանց քվեարկելու իրենց նախընտրած ծրագրի օգտին:

Քվեարկությունն ավարտված է, հայտնի են այն ծրագրերը, որոնք ստացել են ամենաշատ հավանումները:

«Փոքրիկների երազանք» խաղահրապարակի կառուցում (Սևան բնակավայր) — 1365 հավանում

Խաղային հրապարակ (Դդմաշեն բնակավայր) – 1364 հավանում

«Առողջ միջավայր» բազմաֆունկցիոնալ խաղահրապարակ (Վարսեր բնակավայր) – 1212 հավանում

«Մուտքն առանց հեռախոսների» բազմաֆունկցիոնալ խաղահրապարակի կառուցում (Զովաբեր բնակավայր) – 387 հավանում

Գագարին բնակավայրի կենտրոնական զբոսայգու վերանորոգում – 76 հավանում

«Ակտիվ հանգստի և առողջ ապրելակերպի խրախուսումը լավ ապագայի գրավականն է» խաղահրապարակի կառուցում (Գեղամավան բնակավայր) – 43 հավանում

Մասնակցային բյուջետավորման շրջանակներում ստեղծված հանձնախումբն ամենաշատ հավանումներ ունեցող ծրագրերը կներկայացնի Սևան համայնքի ղեկավարին, կհաջորդի ծրագրերի նախագծման փուլը: