Հունիսի 25–ին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Սևանի համայնքապետարանի շենքի 4–րդ հարկում նոր գրասենյակ բացեց՝ ընդլայնելու գործունեությունը Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում։

ՊՀԾ-ն կաջակցի այն համայնքներին, որոնք ապավինում են գյուղատնտեսությանը որպես զբաղվածության աղբյուր՝ օգնելով ոռոգման համակարգերով և կառուցելով կայուն, կլիմայի նկատմամբ զգայուն պարենային համակարգեր:

«Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում մեծ ներուժ կա, և մենք ցանկանում ենք զարգացնել գյուղատնտեսական ենթակառուցվածքները և լրացուցիչ հնարավորություններ ստեղծել մարդկանց համար: ՊՀԾ-ն արդյունավետորեն համագործակցում է Հայաստանի կառավարության հետ և ներգրավելով համայնքների անդամներին՝ խթանում կայունությունը տարածաշրջանում՝ բացահայտելով և լուծելով մարզերում առկա մարտահրավերները»,- ասել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի նոր գրասենյակի բացմանը ներկա էին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Վահան Զարոյանը և Ջանիկ Բազեյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը, Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Սևանի համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ։

«Մարզպետ Կարեն Սարգսյանի և մեր անունից թույլ տվեք շնորհավորել բոլորիս Սևան քաղաքում ՊՀԾ-ի նոր գրասենյակ բացելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին մինչ օրս Գեղարքունիքի մարզում իրականացրած կարևոր ծրագրերի համար։ Այս գրասենյակի առկայությունը կբարձրացնի մարզի փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների արտադրողականությունն ու շահութաբերությունը»,- նշել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։

Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը նույնպես շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուին և ծրագրի պատասխանատուներին Սևանում նոր գրասենյակի բացման առթիվ։ «Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի և իմ անունից շնորհավորում եմ բոլորիս և շնորհակալություն հայտնում նոր գրասենյակի Սևան քաղաքում բացման առթիվ։ Համոզված եմ, որ մեր համագործակցությունը դրականորեն է ազդելու մեր համայնքի և ժողովրդի վրա: ՊՀԾ-ի հետ միասին մենք կբարելավենք գյուղատնտեսության աճը և կստեղծենք կրթական միջավայր, որպեսզի մարդիկ կարողանան ավելացնել իրենց եկամուտները և հոգալ իրենց կարիքները»,- ասել է Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը Գեղարքունիքում, ի թիվս այլ ծրագրերի, իրականացնում է նաև «Դպրոցական սնունդ» ծրագիրը՝ ապահովելով տարրական դասարանների երեխաներին տաք և սննդարար կերակուրներով:
ՊՀԾ-ն նաև իրականացնում է դպրոցական գյուղատնտեսական ծրագրեր ամբողջ Հայաստանում, այդ թվում՝ Գեղարքունիքում, որտեղ դպրոցներին աջակցում են ագրո-կարողություններով՝ ջերմատների, ինտենսիվ այգիների և արևային կայանների տեսքով, որոնք երկակի դեր են խաղում և ունեն կրթական նշանակություն՝ դպրոցների համար վերածվելով եկամուտի աղբյուրի և ապահովելով դրանց ինքնակայունությունը։
Սևանի նոր մարզային գրասենյակը կընդլայնի ՊՀԾ ներկայությունը Գեղարքունիքի մարզում և կնպաստի համագործակցությունների զարգացմանը՝ աջակցելով պարենային ապահովությանը, դպրոցական սննդին, կլիմայի փոփոխության դիմակայունության բարձրացմանը և բնակչության կենսաապահովմանն ուղղված ծրագրերի շարունակականությանը։
Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Հայաստանում գործում է 2010 թվականից՝ ազգային, ինչպես նաև Կապանի, Վանաձորի, իսկ այսօր արդեն Սևանի մարզային գրասենյակների միջոցով։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Հայաստանյան գրասենյակի ղեկավար, ՊՀԾ ներկայացուցիչ տիկին Նաննա Սկաուին նույն օրն ընդունել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։


Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել ՊՀԾ-ի և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ հատկապես համայնքների կայուն զարգացման, սննդի ապահովման և սոցիալական աջակցության ուղղությամբ իրականացված ծրագրերի շրջանակում։


Մարզպետը տիկին Սկաուին հանձնել է շնորհակալագիր՝ Գեղարքունիքի մարզում ծավալած ակտիվ գործունեության, արդյունավետ գործընկերային հարաբերությունների և կարևոր ծրագրերի իրագործման համար։ Նա շնորհակալություն է հայտնել Նաննա Սկաուին անձնական նվիրվածության, պատրաստակամության և համագործակցության ոգու համար։

Քննարկման ավարտին Կարեն Սարգսյանը Նաննա Սկաուին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ՝ ընդգծելով, որ մարզպետի աշխատակազմը պատրաստ է պահպանել կառուցողական համագործակցությունը և աջակցել ՊՀԾ թիմի կողմից նախաձեռնված բոլոր ընթացիկ և ապագա ծրագրերին։