Մարդը և գիրքը մեկ սրտում․․․ Սևանի կենտրոնական գրադարանում նշվեց Գրադարանավարի օրը։

Սևանի կենտրոնական գրադարանում նշվեց Գրադարանավարի օրը։

Ներկա էին Սևանի տարածաշրջանի գրադարաններում տարիներ շարունակ աշխատած բազմավաստակ գրադարանավարներ, ուսուցիչներ, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, հրավիրվածներ։

Անբասիր աշխատանքի և նվիրվածության համար բազմաթիվ գրադարանավարներ արժանացան պատվոգրերի։

Գրադարանավարի օրվա առթիվ ներկաները շնորհավորանքի և գովեստի խոսքեր հղեցին բոլոր գրադարանավարներին։

Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը, շնորհավորելով գրադարանավարներին իրենց մասնագիտական տոնի առթիվ, նրանց փոխանցեց նաև Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի շնորհավորանք–ուղերձը․

«Սևան համայնքում գործող գրադարանները կատարել և կատարում են իրենց առաքելությունը, և հենց գրադարանավարների   նվիրումի շնորհիվ է գրադարանը պահպանել  իր լավագույն ավանդույթները:

Հարգելի գրադարանավարներ, գրադարանային գործի նվիրյալներ

Ընդունեք իմ, համայնքի ղեկավարի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների և համայնքի ավագանու  շնորհավորանք-բարեմաղթանքները ձեր մասնագիտական տոնի առթիվ, ցանկանում եմ ձեզ բարեկեցություն և առողջություն, լավատեսություն և երկարակեցություն, խաղաղ երկնքի տակ ապրելու և անվտանգ, ապահով ու արժանապատիվ  պայմաններում աշխատելու հնարավորություն»:–ասված էր ուղերձում։  

Վերջին տարիներին գրադարաններ տեղեկատվական տեխնոլոգիաների մուտքի շնորհիվ ավանդական գրադարանը հարստացել է էլեկտրոնային պաշարներով՝ վերածելով դրանք համապարփակ տեղեկատվության կենտրոնների: Դրան զուգահեռ՝ գրադարանային ծառայությունները թևակոխել են բոլորովին նոր փուլ: Համացանցի առկայությունը գրադարաններին հնարավորություն է տվել ոչ միայն  օգտակար լինել իրենց շահառուներին, այլև ծանոթանալ աշխարհի տարբեր ծայրերում գործող գրադարանների լավագույն փորձին՝ ուսումնասիրելով և տեղայնացնելով այն իրենց գրադարաններում:–իր խոսքում նշեց «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան ԳԿՀ» ՀՈԱԿ-ի տնօրեն Ֆրունզե Հարությունյան։

Ելույթով հանդես եկան նաև փորձառու գրադարանավարներ և ընթերցասերներ, ովքեր բարձր գնահատեցին գրադարանավարի դերը։

Սևանի գրադարանների կենտրոնացված համակարգը կազմավորվել է 1977թ. տարածաշրջանում գործող շրջանային գրադարանների միավորման հիման վրա:

2002թ. համայնքի ավագանու թիվ 5 որոշմամբ (29.08.2022թ.) համակարգը անվանակոչվել է Վահե Ստեփանյանի անունով: 2004թ. Սևանի Վահե Ստեփանյանի անվան ԳԿՀ-ն ստացել է ՀՈԱԿ-ի կարգավիճակ (համայնքային ոչ առևտրային կազմակերպություն):

2022թ. համայնքների միավորումից հետո գյուղական գրադարանների վերամիավորվեցին կենտրոնացված համակարգին և այն ստացավ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վահե Ստեփանյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն անվանումը:

Համակարգը ղեկավարվում է կենտրոնական գրադարանի կողմից, որն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ՝ սպասարկման բաժին, որի կազմում է գտնվում ընթերցասրահը, համալրման և մշակման բաժին, գրապահոց: Կենտրոնական գրադարանին կից գործում է մանկական գրադարանը: Համակարգի մեջ գործում են ևս 9 գրադարաններ Սևանի գյուղական բնակավայրերում:

2017թ. ապրիլի 25-ից մինչև 2022թ. մայիսի 10-ը կենտրոնական գրադարանում իրականացվել են հիմնանորոգման աշխատանքներ, ուստի այդ ժամանակահատվածում աշխատակիցները գտնվել են հարկադիր պարապուրդում: Գրադարանի աշխատանքները վերսկսվել են 2022թ. մայիսի 10-ից:

Վերանորոգումից հետո այն դարձել է հաճելի միջավայր ընթերցողների համար: Տարածաշրջանի դպրոցների տարբեր դասարանների աշակերտներ, մանկապարտեզների և նախադպրոցական հաստատությունների սաներ հաճախակի այցելություններ են կատարում գրադարանում և հետաքրքրի ժամանց անցկացնում (ընթերցանություն, հեքիաթների լսում, ասմունք և այլն):

Ընթերցող-գրադարան կապն ամրապնդելու համար կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ (ցերեկույթ, կլոր սեղան  քննարկում, հանդիպումներ և այլն):

Շարունակվում է գրքային ֆոնդի անցկացումը գրադարանի գլխավոր մատյանում և այն ուղարկվում է Ազգային գրադարան՝ թվայնացնելու նպատակով:

Պահպանվում է միջգրադարանային համագործակցությունը համայնքային, մարզային գրադարանների հետ:

Տարեցտարի համալրվում է գրքային ֆոնդը:

2013, 2018, 2024 թվականներին գրադարանը ստացել է Հանրային գրադարանի կարգավիճակ՝ 5-ական տարի ժամկետներով: