Հարգելի գրադարանավարներ,
Գրադարանային համակարգի ներկայացուցիչներ
Ընդունեք ջերմագին բարեմաղթանքներս և շնորհավորանքներս ձեր մասնագիտական տոնի` Գրադարանավարի օրվա առթիվ:
Արդեն 11 տարի հոկտեմբերի 7-ին նշում ենք Գրադարանավարի օրը՝ կարևորելով և արժևորելով գրադարանավարի աշխատանքը:
Գրքասերները լավ կիմանան գրքի պահապանների դերը: Գրադարանները եղել են մեր մանկության ուղեկիցները, մեր պատանեկության ու հասուն կյանքի բարեկամը, որտեղ միշտ սպասում են սիրով, պատրաստ են ևս մեկ գրքի շնորհիվ հարստացնելու մեզ:
Ժամանակի ընթացքում փոխվել են շատ պահանջներ, գրադարանավարի գործի նկատմամբ էլ մեր մոտեցումները կրել են էական փոփոխություններ, սակայն գիրք ընթերցելու մշակույթը չի կորցրել իր գրավչությունն ու արժեքը:
Կրթամշակութային գործընթացներում անփոխարինելի է եղել և մնում գրադարանավրի դերը, որն իր աշխատանքով գրքի զինանոցը պահում է ամուր և պահանջված:
Այսօրվա գրադարաններն էլ ոչ միայն գրքի տուն ու պահոց են, այլ առաջին հերթին կրթական կենտրոններ, մշակութային ինքնատիպ միջավայր ձևավորող հարթակ:
Սևան համայնքում գործող գրադարանները կատարել և կատարում են իրենց առաքելությունը, և հենց գրադարանավարների նվիրումի շնորհիվ է գրադարանը պահպանել իր լավագույն ավանդույթները:
Սևան համայնքում իրենց գործի գիտակ, փորձառու մասնագետների պակաս չկա, որոնք իրենց աշխատանքի շնորհիվ գրադարանավարի մասնագիտությունը դարձրել են հարգանքի ու ակնածանքի արժանի:
Սիրելի գրադարանավարներ
Դուք գրադարանային գործի լավագույն ավանդույթների պահպանողն ու փոխարինողն եք, ձեզանից շատերն իրենց կյանքի զգալի մասը նվիրել են գրադարանային գործին` կատարելով իրենց պատվաբեր առաքելությունը, փոխանցելով ընթերցողներին ամենակարևորը` սերը գրքի նկատմամբ:
Այսօր Սևան համայնքի գրադարանավարների գործունեությունը միավորվել է «Սևանի Վ. Ստեփանյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի շրջանակներում, որտեղ բանիմաց մասնագետների ու նվիրյալների պակաս չկա:
Մեր բարդ ժամանակներում, երբ պարտադրված ենք դիմակայելու մի շարք մարտահրավերների, կարծում եմ, որ գիրքն ու գրականությունը պետք օգնեն և ուղղորդեն, որպեսզի մենք չկորցնենք հայրենապահպանման ու աշխարհաճանաչման իմացությունը:
Հարգարժան գրադարանավարներ
Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր նվիրյալ աշխատանքի համար: Առանձնակի շնորհակալություն ոլորտի վետերաններին, որոնց անխոնջ աշխատանքի շնորհիվ Սևան համայնքում գործող գրադարանները չփակեցին իրենց դռները ընթերցողների առաջ, մնացին սպասված ու հարազատ վայր տարբեր տարիքի գրքասերների համար:
Հարգելի գրադարանավարներ, գրադարանային գործի նվիրյալներ
Ընդունեք իմ, համայնքի ղեկավարի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների և համայնքի ավագանու շնորհավորանք-բարեմաղթանքները ձեր մասնագիտական տոնի առթիվ, ցանկանում եմ ձեզ բարեկեցություն և առողջություն, լավատեսություն և երկարակեցություն, խաղաղ երկնքի տակ ապրելու և անվտանգ, ապահով ու արժանապատիվ պայմաններում աշխատելու հնարավորություն:
