Զովաբեր, Գեղամավան, իսկ այժմ արդեն երրորդ «Հարեհաս» կրթական ծրագիրն է մեկնարկում Վարսեր գյուղում։

3 կենտրոն, 50–ից ավել կանանց անվճար կրթություն և 8 բիզնես նախածրեր։
«Դէկավվա» բարեգործական հիմնադրամը ամփոփում է մի քանի ամիսների կատարած աշխատանքը։

«Հարեհաս» նոր կենտրոնի բացմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, Զովաբերի, Գեղամավանի և Վարսերի շահառուներ և այլ հրավիրվածներ։


Ծրագիրը լավագույն հնարավորություն է մարզի համայնքների համար կրթության միջոցով կերտելու կայուն ապագա, բնակավայրերը դարձնելու կենսունակ և ինքնաբավ: «Հարեհաս» ծրագիրը 6 տարվա ռազմավարությամբ զարգացնելու է Գեղարքունիքի մարզի 88 բնակավայրերը ու կրթելու է 3520 կանանց։

Ծրագրի արդյունքում ստեղծվելու են 40 կրթական կենտրոն, որոնցից մեկն էլ գործելու է արդեն Վարսեր բնակավայրում: 50–ից ավել կին արդեն սկսել է իրենց կայուն ապագան կերտելու գործընթացը՝ հաղթահարելով առկա մարտահրավերները։

«Հարեհաս» կրթական ծրագրի նպատակն է կանանց դերը բարձրացնելով ծրագրի միջոցով նոր մշակույթ ձևավորել համայնքում: Արդեն ծրագրի միջոցով վերանորոգված և կահավորված կրթական կենտրոնները նոր միջավայր է ձևավորում՝ համախմբելով նաև Վարսերի կանանց և աղջիկներին: Վերջերս «Դէկավվա» բարեգործական հիմնադրամը և Գեղարքունիքի մարզպետարանը համատեղ ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և «Դէկավվա» բարեգործական հիմնադրամի միջև՝ Գեղարքունիքի մարզի համայնքներում «Հարեհաս» կենտրոններ բացելու ուղղությամբ։ Հուշագրով նախատեսվում է ունենալ թիրախային գործողությունների նախագիծ՝ ապահովելու «Հարեհաս» ծրագրի կայուն տարածումը։

«Դէկավվա» հիմնադրամի «Հարեհաս» կրթական ծրագիրը միավորում է մասնակիցներին՝ «Միասին մենք ուժ ենք» կարգախոսով, որի շնորհիվ կարող է փոխվել բնակավայրերի ու համայնքների դիմագիծը։«Հարեհաս» ծրագիրը սերտ համագործակցում է նաև Սևանի համայնքապետարանի հետ:

Ծրագրի նախաձեռնողները փաստում են, որ արդյունքում ակնկալվում է մինչև 176 համայնքային նախագիծ, որոնք նախապես մշակվելու են մասնակիցների հետ: Ծրագրի ընթացքում շուրջ 3520 կին կունենա անվճար կրթության հնարավորություն, իսկ մինչև 60%-ը՝ նաև աշխատանք: Այս խնդիրը լուծելու համար «ռեԱրմենիա» հարթակում ընթանում է «Հարեհաս» դրամահավաքի նախագիծը:

Բազային դասընթացը տևելու է 3 ամիս և միավորելու է հետևյալ բաղադրիչները՝ հիմնական դասընթացներ՝ Նախագծի կառավարում, Անգլերեն, Արտ թերապիա, Ծնողավարություն: 2 շաբաթ տևողությամբ փուլային վերապատրաստում՝ Ֆինանսական գրագիտություն, Համակարգչային հմտություններ, Մեդիագրագիտություն, Հաշվապահություն, Մարդու իրավունքներ:
