
Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու 8-րդ նստաշրջանի 2-րդ նիստը: Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ներկայացրեց ընթացիկ տարում համայնքում իրականացվող կապիտալ և ընթացիկ ծրագրերն ու աշխատանքները, միաժամանակ անդրադարձ կատարեց համայնքի 2025 թվականի բյուջեի 9 ամսվա կատարողականին՝ նշելով, որ համայնքային եկամուտների հավաքագրումը պայմանավորված է բնակիչների, տնտեսվարողներին՝ համայնքի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունների կատարմամբ, ու տեսանելի ցուցանիշներ գրանցելու համար շատ կարևոր է ժամանակին կատարել վճարումները:

Օրակարգային առաջին հարցով Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Մարիանա Ռաֆայելյանը ներկայացրեց Սևան համայնքի 2025 թվականի բյուջեի 9-ամսվա կատարողականի վերաբերյալ հաղորդագրություն:

Ավագանին համապատասխան որոշմամբ սահմանեց Սևան համայնքում 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի մեկնարկը: 2025թ–ին Սևան համայնքը կամավոր միացել է մասնակցային բյուջետավորման գործընթացին, ինչի շրջանակներում Դդմաշենում այս օրերին արդեն մեկնարկել են նոր խաղահրապարակի կառուցման աշխատանքները։ Մասնակցային բյուջետավորման գործընթացը հնարավորություն է ընձեռում համայնքի 16 տարին լրացած բնակիչներին մասնակցելու Սևան քաղաքի և տասնմեկ գյուղական բնակավայրերի զարգացմանն ու բարեկարգմանը՝ ներկայացնելով իրենց նախընտրած ծրագրերը: Ծրագրի շնորհիվ քաղաքացիները կարող են իրացնել տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրենց իրավունքը՝ ներդրում ունենալով համայնքում կյանքի որակի բարձրացմանն ու առաջընթացին։

Հաջորդիվ ավագանու որոշմամբ Սևան համայնքի «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տարածք հատկացվեց լիցենզավորման գործընթացը ավարտին հասցնելու համար, ինչպես նաև կից մասնաշենքում կշարունակի իր գործունեությունը «Առաքելություն Հայաստան»–ը, տարածք կտրամադրվի նաև ուկրաինական համայնքին։

Համայնքի ավագանու մեկ այլ որոշմամբ հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխող տրանսպորտային միջոցների կայանման համար Սևան համայնքում առանձնացվեցին տեղեր և կատարվեց տեղհատկացում, մասնավորապես՝ Սևանի համայնքապետարանի վարչական շենքի, «Սևանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի, «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շենքերի, Վլ. Կարապետյանի անվան հրապարակի, Զ. Անդրանիկի անվան հրապարակի, կենտրոնական շուկայի, Նալբանդյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկի հարակից տարածքներ:
Նախկինում քաղաքացիներին հատկացված հողատարածքի և բնակարանի հետ կապված ավագանին փոփոխություններ կատարեց Սևան համայնքի ավագանու՝ 2025 թվականի սեպտեմբերի 17-ի N 96-Ա և 2023 թվականի մայիսի 17-ի N 56-Ա որոշումների մեջ։ Հանրապետություն խմբակցությունից ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել Աշոտ Նադարյանը, ինչը ավագանին ընդունեց ի գիտություն։

Օրակարգային հարցերի սպառումից հետո համայնքի ավագանուն ներկայացվեցին ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումները, որոնց մի մասը ստացավ սպառիչ պատասխան, մյուս մասը խմբակցությունների կողմից լրացուցիչ քննարկումից հետո կներկայացվի համայնքի ավագանու հաջորդ նիստին, որը տեղի կունենա նոյեմբերի 18-ին:
