Եվս մի քանի օր, և Սևանի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքը կբացի իր դռները։

Ի ուրախություն սևանցիների, իրողություն է դարձել համայնքի համար առաջնահերթություն դարձած կարևորագույն ծրագրերից մեկը, որի շնորհիվ 2025-2026 ուսումնական տարին Սևանի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի սաները ոտք կդնեն ժամանակակից չափորոշիչներին համապատասխան երաժշտական հաստատություն:

Իսկ մինչ այդ երաժշտական դպրոցի նորակառույց շենքում և հարակից տարածքում կահավորման, բարեկարգման վերջին աշխատանքներն են կատարվում, որին կհաջորդի դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը:

Նոր կառուցված շենքն իր ֆիզիկական հնարավորություններով և հարմարավետությամբ, կահավորմամբ, երաժշտական գործիքների հագեցվածությամբ նոր շունչ ու թարմություն է բերելու Սևանի մշակութային կյանքում՝ սևանցիների տասնամյակների երազանքը դարձնելով իրականություն:

Երաժշտական դպրոցի նոր շենքի կառուցման ծրագիրը իրողություն է դարձել Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի արդյունավետ համագործակցության շնորհիվ:

Դպրոցի շենքը երկհարկանի է, ունի համերգային դահլիճ, նկուղային հարկ, որը կառուցվել է գործող շինարարական նորմերին և կանոններին համապատասխան, ապահովված է սեյսմակայունությունը:

Տեղեկացնենք, որ շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2023թվականի մայիս ամսից, և երկու տարի անց արձանագրում ենք, որ շնորհիվ լավագույն գործընկերների Սևանն ստանում է անգնահատելի նվեր:

Սևան համայնքը` ի դեմս համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի, հայտնում է իր շնորհակալությունն ու երախտագիտությունը Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին, աշխատակազմին, բարերարներին, որոնց ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ ևս մեկ համայնքապահպան ու համայնքաշեն ծրագիր դարձնել իրողություն:

Հիմնանորոգվում է նաև Սևանի Չարենց փողոցից դեպի Սևանի երաժշտական դպրոց տանող ճանապարհը։