Ծրագրի նպատակն է ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում երիտասարդների շրջանում տարածել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գաղափարը՝ նպաստելով մշակութային և բնապահպանական կրթության խթանմանը, երիտասարդության շրջանում դրա տարածմանն ու շարունակականության ապահովմանը:

Ճամբարին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի 5 խոշորացված համայնքների 10 բնակավայրերից (Սևան, Լճաշեն, Գավառ, Գանձակ, Սարուխան, Ծովակ, Կուտական, Ճամբարակ, Լիճք, Վարդենիկ) 16 երեիտասարդներ, ովքեր ճամբարային օրերի ընթացքում ձեռք բերեցին գիտելիքներ՝ մասնավորապես․ մշակույթի տեսակների դրսևորման, ոչ նյութական մշակութային ժառանգության տարրերի մասին, ծանոթացան դրանց գրառման համար անհրաժեշտ գործիքակազմին, այցելեցին տեղում բանասացների՝ փորձելու գործնականում կիրառել արդեն ստացած գիտելիքները:

«ՍևանաՑԱՆՑ» երիտասարդական կրթական ճամբարի մասնակիցները ծանոթացան նաև «Սևան» երիտասարդական ակումբ ՀԿ–ի արդեն ստացված փորձի հետ՝ «Ափդեյթ» ծրագրերի շարքի, ինչպես նաև կենդանի երաժշտական ծանոթություն ունեծան ԳԱՄՄԱ բենդի անդամների հետ, ովքեր մասնակցել են նախորդ ծրագրով հավաքագրված երգերի մշակման ու հանրայնացման գործողություններին:

Ճամբարից հետո, օգտագործելով ստացած հմտություններն ու գիտելիքները, մասնակիցներն իրենց համայնքներից կհավաքագրեն ոչ նյութական մշակութային ժառանգության տարրեր, որոնք կհանրայնացվեն և կկազմվեն առաջարկներ՝ ներառելու դրանք ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ցանկում:

————
«ՍևանաՑանց» ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է կազմակերպել «ՍևանաՑանց» մշակութային երիտասարդական եռօրյա ճամբար, որտեղ կներգրավվեն ՀՀ Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքների երիտասարդներ:

Դասընթացավարների ուղղորդմամբ մասնակիցները ձեռք կբերեն ոչ նյութական մշակութային ժառանգության ճանաչման, հավաքագրման, պահպանման, ինչպես նաև Սևանա լճի ու հարակից շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության ազդեցության մասին գիտելիքներ ու գործնական հմտություններ: