Մայիսի 15-ին տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու հերթական նիստը:
Սևան բազմաբնակավայր համայնքում ավարտին են հասցվել ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները: Ընթացքում են տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգանցմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը: «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի 1-ին փուլով անցյալ տարի հիմնանորոգվեց Սևան քաղաքի Էներգետիկների փողոցն ամբողջությամբ: Այս տարի կհիմնանորոգվեն Սևան քաղաքի Իսահակյան, Օրբելի, Կարմիր բանակի, Սպանդարյան, Գեղամա, Ռուսական, Աբովյան, Սայաթ-Նովա, Սյունյաց փողոցները: Այս տարի սուբվենցիոն ծրագրեր կիրականացվեն նաև բնակավայրերում, որոնք ներառում են ճանապարհաշինարարություն, ոռոգման համակարգերի կառուցում և մշակութային կենտրոնի հիմնանորոգում:

Սևան համայնքը մասնակցել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին և ծրագրի շրջանակներում ստացել է կոմունալ տրանսպորտային միջոցներ: Օրակարգային առաջին հարցով Սևան համայնքի ավագանու որոշմամբ բազմաֆունկցիոնալ Էքսկավատորը, բազմաֆունկցիոնալ մինի ամբարձիչը, գրեյդերը , երկու ինքնաթափ անհատույց օգտագործման իրավունքով փոխանցվեց «Սևանի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հաշվեկշռին: Դրանք կօգտագործվեն Սևան համայնքում կոմունալ սպասարկումն իրականացնելու համար:

Օրակարգային հարցերով՝ Սևան համայնքի ավագանին որոշեց Սևան համայնքի Գագարին բնակավայրում, Գագարինի փողոցներից մեկը անվանակոչել Ազատամարտիկների փողոց, իսկ Ծաղկունք գյուղական բնակավայրում որոշ համարակալված փողոցների անվանումներում ավելացնել «Նրբանցք» բառը:

Հաջորդիվ ավագանու որոշմամբ Ծովագյուղ գյուղական բնակավայրում բնակիչների դիմումների համաձայն փոխվեցին որոշ հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունը:

2025 թվականի ապրիլի 28-ին Սևանում «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տեղի է ունեցել Սևան քաղաքում երկհարկանի դիահերձարանի կառուցման նախագծի ներկայացման վերաբերյալ հանրային քննարկում, ինչից ելնելով Սևան համայնքի ավագանին տվեց դիահերձարանի կառուցման նախագծին նախնական համաձայնություն:

Սևան համայնքի ավագանու հաջորդ նիստը կանցկացվի հունիսին:
Նիստի վերջում քննարկվեցին քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված դիմումները: