Սևան համայնքը հյուրընկալել է COP17 համաժողովի մասնակիցներին։

2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը Հայաստանի Հանրապետությունում անկացվող  ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի՝ CBD COP17-ի «Բնություն և մշակույթ» գագաթնաժողովի շրջանակներում հոկտեմբերի 25-ին Սևան համայնքը հյուրընկալեց համաժողովի՝ շուրջ վեցտասնյակ մասնակիցների, որոնք ժամանել էին աշխարհի տարբեր երկրներից:

Մասնակիցներին ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ներկայացուցիչները:

Այցը մեկնարկել էր «Նորաշեն» արգելոցից, որին հաջորդել էր շրջայցը Սևանի բուսաբանական այգում:

Չնայած եղանակային ոչ բարենպաստ պայմաններին՝ վաղ առավոտից Սևան քաղաքում ակտիվ եռուզեռ էր:

Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում իրականացվել էին նախապատրաստական աշխատանքներ, տեղադրվել տաղավարներ, որտեղ կողք կողքի ցուցադրվել են արհեստի ու արվեստի նմուշները, Սևան համայնքում արտադրվող մի շարք արտադրատեսակներ:

Սևանցիների կողքին էր «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն՝ նախագաՀ՝ Սեդրակ Մամուլյանի գլխավորությամբ:

«Ծաղկունք շեֆ հաուս» ռեստորան-հյուրատունը տեղում պատրաստում էր իր խոհարարական արտադրանքը:

Օրը բավականին հագեցած էր հետաքրքիր միջոցառումներով և նախաձեռնություններով:

Հյուրերը շրջեցին տաղավարներում, օգտվեցին հայկական հյուրասիրությունից, մասնակցեցին շուրջպարին և պարի վարպետաց դասին:

Սևանի մշակույթի պալատի դահլիճում սպասվում էր «Սևանի Հիշողությունը, ձկնորսական մշակույթ» վավերագրական ֆիլմի ցուցադրություն, որը «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի հեղինակությամբ է կյանքի կոչվել՝ աջակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության:

Ֆիլմի ցուցադրությանը մասնակցում էին նաև ֆիլմի հերոսները՝ Գեղարքունիքի մարզի ձկնորսները, որոնք ֆիլմի վերջում սիրով պատասխանեցին արտերկրից ժամանածների հարցերին:

Օրը շարունակվեց «ԳԱՄՄԱ» բենդի համերգային ծրագրով, որն ուղեկցվեց սևանցիների և հյուրերի անկաշկանդ պարերով և շուրջպարով:

Սևանում հյուրընկալվածներին սպասվում էր նաև թեյախմություն: Սևանի ափից հավաքած քարերի վրա նկարազարդումներն էլ րոպեներ անց քարերը վերածեցին տարբեր պատկերազարդումներով և գուներանգներով նկարների, որոնք մշակույթի պալատի հարակից տարածքում գտան իրենց տեղը՝ COP17-ը խորհրդանշող թիթեռի տեսքով:

Այն, ինչ հնարավոր չէր արտահայտել բառերով, դառնում էր ժպիտ, գրկախառնություն, լուսանկար:

«Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի և Սևանի համայնքապետարանի համագործակցությամբ կազմակերպված ընդունելությունը ներկաներին պարգևեցին հաճելի պահեր, չմոռացվող ակնթարթներ:

Հյուրերի վերջին կանգառը Սևանա լիճն էր, որտեղ էլ ամբողջացան օրվա տպավորություններն ու կուտակած զգացողությունները:

Սևան համայնքը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ Կանաչ գոտում, Գեղարքունիքի մարզին տրամադրված տաղավարում  ներկայացրել է Սևանի կենսաբազմազանության առանձնահատկությունները, մշակութային արժեքները, բարիքները: Սևան համայնքի ներկայացուցիչներն ունեցել են մի շարք հետաքրքիր հանդիպումներ, պատասխանել են տաղավար այցելողների հարցերին:

Օրվա ընթացքում տեղի է ունեցել նաև «Համայնքները կենսաբազմազանության պահպանողներ և կայուն օգտագործողներ» թեմայով միջոցառումը, որտեղ Սևան համայնքը ներկայացել է «Սևան համայնքն ի նպաստ Սևանա լճի պահպանության» զեկուցմամբ:

Զեկուցումը և ներկայացումը պատրաստվել են Սևանի համայնքապետարանի աշխատակազմի մասնագետների և «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի միջոցով:

Ի թիվս մի շարք համայնքների, Սևանը ներկայացել է առաջնահերթություն դարձած բնապահպանական խնդիրներով, առաջարկվող լուծումներով, նորարական մոտեցումներով՝ կարևորելով COP17-ի շրջանակում Սևանի պահպանության խնդիրներն ու համայնքի փորձը ներկայացնելու հնարավորությունը:

Աշխատանքներն ամփոփվել են համայնքային հռչակագրի ընդունմամբ:

Սևան համայնքի գործընկերն է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն:

Կանաչ գոտում համերգային ծրագրով հանդես է եկել նաև Սևանի «ԳԱՄՄԱ» բենդը: