Արդեն երրորդ անգամ Հայաստանում հոկտեմբերի 17-ը նշվում է որպես Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման միջազգային օր:
Կարևորելով ոչ նյութական մշակութային ժառանգության դերն ու նշանակությունը՝ Սևան համայնքում օրվա առթիվ հոկտեմբերի 16-ից մեկնարկեցին նախատեսված մի շարք միջոցառումներ ու նախաձեռնություններ:
Հոկտեմբերի 16-ին Լճաշենի Րաֆֆի Հովհաննիսյանի անվան մշակույթի տան հարակից այգում կազմակերպվել էր «Եկեք խաղանք ինչպես առաջ» խորագրով միջոցառում: Լճաշենի արվեստի դպրոցի և Լճաշենի Րաֆֆի Հովհաննիսյանի անվան մշակույթի տան սաներն իրենց երգի ու պարի կատարումներով հաճելի պահեր պարգևեցին ներկաներին։ Միջոցառման ընթացքում ցուցադրված էին տարծաշրջանին բնորոշ տարբեր ավանդական ուտեսներ։ կազմակերպվել էին ավանդական խաղեր։ Միջոցառման ընթացքում կարևորվեց ոչ նյութական մշակութային ժառանգության դերն ու նշանակությունը։



Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման միջազգային օրը հոկտեմբերի 17-ին «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի համայնքային մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի կողմից Ս. Զաքարյանի անվան մշակութային պալատում կազմակերպվեց «Ոչ նյութական մշակութային ժառանգություն» թեմայով սեմինար, որին մասնակցեցին Սևանի կրթական և մշակութային կազմակերպությունների աշխատակիցները։ Սեմինարի ընթացքում մասնակիցները պատկերացում կազմեցին, թե որն է Ոչ նյութական մշակութային ժառանգությունը և որտեղից է սկսվում այն։

Նույն օրը «Մատնա Հետք» արվեստանոցի կողմից կազմակերպվեց «Ձեռագործ աշխատանքներ» վարպետաց դաս: Ներկայացված էին ստեղծագործողների, ձեռագործ վարպետների աշխատանքները։
Ծովագյուղ բնակավայրում գործող «Ծովեմ» երիտասարդական կենտրոնի հեղինակմամբ կազմակերպվեց «Լսիր և ճանաչիր» խորագրով ազգային խաղեր: Կոխ, Աքլորակռիվ, Պարան քաշոցի, Յոթ քար, պահմտոցի-Հայկական ազգային խաղերը մեր ժողովրդի դարավոր կենցաղի, ավանդույթների և աշխարհայացքի կարևոր մասն են։ Դրանք սերնդեսերունդ փոխանցվող մշակութային արժեքներ են, որոնք նպաստում են ազգային ինքնության պահպանմանը, երեխաների ֆիզիկական զարգացմանն ու ազգային սովորույթների շարունակականությանը։
Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման միջազգային օրվան նվիրված Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճում տեղի ունեցավ «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի հեղինակած «Սևանի հիշողությունը Ձկնորսության մշակույթ»՝ «Լճի մարդիկ» փաստագրական ֆիլմի ցուցադրություն:
Ֆիլմի մտահաղացմանը և նկարահանումներին մեծապես աջակցել է Սևանում խորհրդային տարիներին ձկնորսական նավի հայտնի հրամանատար ձկնորս թոռչի Հակոբի որդին՝ ձկնորս Աշոտ Մարտիրոսյանը, ով նաև ֆիլմի հերոսներից է։ Սևանի տարածաշրջանում ձկնորսությունը դարեր շարունակ եղել է բնակչության կենսակերպի, տնտեսական գործունեության և ավանդույթների կարևոր մասը։ Ձկնորսական հմտությունները, ձուկ որսալու ավանդական եղանակները, գիտելիքներն ու սովորույթները սերնդեսերունդ փոխանցվելով՝ դարձել են Սևանի ափամերձ համայնքների մշակութային ինքնության անբաժանելի մասը։ Ձկնորսական ավանդույթների պահպանումն ու փոխանցումը կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանի պատմական հիշողության, տեղական ինքնության և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման համար։
«Սևանի համայնքային մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի կողմից Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատում օրվա առթիվ կազմակերպվեց վարպետաց դաս՝ «Ազգային պարերի ուսուցում» խորագրով: «Սևանի համայնքային մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն, պարուսույց Իշխան Խաչատրյանը և Հեղնար Խաչատրյանը ներկայացրին հայկական ժողովրդական պարեր, որոնք համարվում են հայկական մշակույթային ժառանքություն։ Քոչարի, Յարխուշտա, Բերդ պար, Շալախո, Թամզարա, Ուզունդարա-Հայկական ազգային պարերը հայ ժողովրդի պատմության, հոգևոր աշխարհի, զգացմունքների և ազգային ոգու արտահայտությունն են։ Յուրաքանչյուր պար իր շարժումներով, ռիթմով և խորհրդանշական իմաստով ներկայացնում է մեր ժողովրդի ինքնատիպ մշակույթը՝ պահպանելով ու սերունդներին փոխանցելով ազգային ավանդույթները։
Հոկտեմբերի 19-ին «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի կողմից կազմակերպվեց «Սասունցի Դավթից մինչև մեր օրերը» խորագրով ցուցահանդես և ներկայացում: Էպոսը՝ որպես Ոչ նյութական մշակութային ժառանգություն ներկայացրին Արվեստի դպրոցի նկարչական, թատերական և Հայոց լեզվի խմբակների սաները։
Ոչ նյութական մշակութային ժառանգությունը հանրության, խմբերի, որոշ դեպքերում առանձին անձանց կողմից որպես իրենց մշակութային ժառանգության մաս ճանաչված, կենցաղում հաստատուն տեղ զբաղեցնող սովորույթների, ավանդույթների, ծեսերի, պատկերացումների ու արտահայտման ձևերի, գիտելիքների ու հմտությունների, ինչպես նաև դրանց առնչվող գործիքների, առարկաների, ստեղծագործությունների և մշակութային տարածքների ամբողջությունն է։
2006թ. Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականին «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան և դրա կիրարկման շրջանակում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության և հանրահռչակման ուղղությամբ բազմաբնույթ տեղական և միջազգային ծրագրեր են իրականացվում։
2009 թվականի հոկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքը:
