Նոր շնչառություն՝ Սևան համայնքի 3 մանկապարտեզներին․ Սևան համայնքում շարունակվում են Սևանի թիվ 3 «Հեքիաթ», Ծովագյուղ և Զովաբեր բնակավայրերի մանկապարտեզների շինարարական աշխատանքները։

Սևան համայնքում շարունակվում են Սևանի թիվ 3 «Հեքիաթ», Ծովագյուղ և Զովաբեր բնակավայրերի մանկապարտեզների շինարարական աշխատանքները և երեք մանկան օջախների շենքերն էլ վերածվել են շինհրապարակների:

Մանկապարտեզներում հիմնանորոգումներն իրականացվում են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում:

«Հեքիաթ»-ը 6 խմբանոց մանկապարտեզ է, Ծովագյուղ բնակավայրի մանկապարտեզն ունի 4 խումբ, Զովաբեր բնակավայրի մանկապարտեզը 1 խմբանոց է:

Շուրջ 330 սան ունեցող մանկապարտեզներում ձևավորված լավագույն ավանդույթները, կրթադաստիարակչական գործընթացն ամիսներ անց կշարունակվի հիմնանորոգված, նախադպրոցական տարիքի երեխաների առանձնահատկություններին համապատասխան պայմաններում և միջավայրում:

Պետական ֆինանսավորմամբ իրականացվող հիմնանորոգումներին զուգահեռ Սևան համայնքի բյուջեի ֆինանսական միջոցներով իրականացվում են թիվ 3 «Հեքիաթ» և Ծովագյուղ բնակավայրի երկու մանկապարտեզների բակային տարածքների բարեկարգման և կահավորման աշխատանքները:

«Սևան համայնքի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի բակային տարածքի բարեկարգման և կահավորման համար, համաձայն պայմանագրի, հատկացվելու է 78.900.000 ՀՀ դրամ, «Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի համար բակային տարածքի բարեկարգման և կահավորման համար՝ 62.850.000 ՀՀ դրամ:

Աշխատանքներն արդեն մեկնարկել են:

Ամիսներ անց Սևան համայնքի բնակիչներն ու նրանց փոքրիկները կստանան ժամանակակից չափորոշիչներին համապատասխան մանկան օջախների հիմնանորոգված շենքեր:

Տեղեկացնենք, որ Սևան համայնքի Գագարին բնակավայրում էլ կառուցվելու է մանկապարտեզի նոր շենք: