Սևան համայնքի 3 մանկապարտեզներում ընթացքի մեջ են հիմնանորոգման աշխատանքները

Այս օրերին Սևանի թիվ 3 «Հեքիաթ», Ծովագյուղ և Զովաբեր բնակավայրերի մանկապարտեզներում ընթանում են շինարարական աշխատանքներ, և երեք հաստատությունների շենքերն էլ վերածվել են շինհրապարակների:

Մանկապարտեզներում հիմնանորոգումներն իրականացվում են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում:

«Հեքիաթ»-ը 6 խմբանոց մանկապարտեզ է, Ծովագյուղ բնակավայրի մանկապարտեզն ունի 4 խումբ, Զովաբեր բնակավայրի մանկապարտեզը 1 խմբանոց է:

Շուրջ 330 սան ունեցող մանկապարտեզներում ձևավորված լավագույն ավանդույթները, կրթադաստիարակչական գործընթացը կշարունակվեն հիմնանորոգված, նախադպրոցական տարիքի երեխաների առանձնահատկություններին համապատասխան պայմաններում և միջավայրում:

Համաձայն նախագծա-նախահաշվային փաստաթղթերի՝ մանկապարտեզների շենքերում իրականացվում են նախատեսված աշխատանքները:

Պետական ֆինանսավորմամբ իրականացվող հիմնանորոգումներին զուգահեռ Սևան համայնքն էլ հայտարարել էր մրցույթ երկու մանկապարտեզների բակային տարածքների բարեկարգման և կահավորման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման համար, իսկ Զովաբեր բնակավայրի մանկապարտեզում համայնքի միջոցով կիրականացվեն ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքները:

Ամիսներ անց Սևան համայնքի բնակիչներն ու նրանց փոքրիկները կստանան ժամանակակից չափորոշիչներին համապատասխան մանկան օջախների հիմնանորոգված շենքեր:

Տեղեկացնենք, որ Սևան համայնքի Գագարին բնակավայրում էլ կառուցվելու է մանկապարտեզի նոր շենք: