ՍԵՎԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ  ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ   ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հարգելի հայրենակիցներ,

Սևան համայնքի բնակիչներ

Շնորհավորում եմ բոլորիս մեր պետության մայր օրենքի՝ Սահմանադրության օրվա առթիվ, որով ամրագրվեց մեր պետականության ինքնիշխանությունը:

Հավատարիմ մնալով ժողովրդավարական սկզբունքներին, հաշվի առնելով ազգային  առանձնահատկությունները, աչքի առաջ ունենալով  աշխարհի փորձը` 1995թ․-ի հուլիսի    5-ին, համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով հայ ժողովուրդը «Այո» ասաց մեր երկրի գլխավոր օրենքին:

Ընդունելով Սահմանադրությունը՝ 31 տարի առաջ ստանձնեցինք մեծագույն պատասխանատվություն պետություն ունենալու և այն կայացնելու համար:

Անցած տասնամյակները լի  էին փորձություններով, ինչպես նաև փորձառությամբ, իրավական պետության ճանապարհին առկա խնդիրների ու մարտահրավերների լուծմամբ:

Մայր օրենքն ամենից առաջ յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատություններն ամրագրող փաստաթուղթ է,  մարդակենտրոն հռչակագիր, որի կենսունակության համար պատասխանատու ենք բոլորս:

Այսօր էլ մեզ համար գերակա են սահմանադրական շատ ուղենիշների բարեփոխման գործընթացի կյանքի կոչելը, որոնց ներդրմամբ կարող ենք գրանցել կայուն առաջընթաց իրավական պետության զարգացման ճանապարհին:

Սահմանադրությամբ ամրագրված արժեքները կարող են դառնալ իրողություն, եթե յուրաքանչյուրս մեր տեղում, մեր աշխատանքով և լիազորությունների շրջանակներում նպաստենք  դրանց կյանքի կոչմանը և միաժամանակ կրենք այդ արժեքները: Ավելի ուժեղ երկիր ու կայացած համայնք ունենալու համար պետք է առավել պատասխանատու և նախաձեռնող լինենք` հարգելով այն օրենքը, որը նաև ներդաշնակ հասարակություն ունենալու երաշխավորն է:

Կայացած ու  ինքնիշխան պետության վավերագրերն են նաև ՀՀ պետական դրոշը, զինանշանը և օրհներգը, որոնք ամբողջացնում են  մեր երկրի  դիմագիծը, որոնցով ներկայանում ենք նաև աշխարհին: 

Սիրելի հայրենակիցներ, Սևան համայնքի բնակիչներ

Իմ, համայնքի ղեկավարի աշխատակազմի, վարչական ղեկավարների  և համայնքի ավագանու անունից շնորհավորում եմ բոլորիս պետական այս կարևորագույն տոնի առթիվ:

Մենք միասին, համատեղ ջանքերով պետք է կառուցենք իրավական երկիր` քաղաքացու և իշխանության փոխադարձ վստահության, հարգանքի, ներքին համերաշխության և կայունության պայմաններում` համատեղելով մեր ջանքերն ու ուժը, միավորելով հզոր ու կայացած պետություն ունենալու մեր ձգտումներն ու նպատակները:

Մաղթում եմ խաղաղություն մեր երկրին, բարեկեցություն՝ մեր ժողովրդին, ամուր կամք և նպատակասլացություն՝ մեր հավաքական երազանքների և նպատակների իրականացման ճանապարհին: