ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁՆ ԱՌԱՋԻՆ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սևան համայնքի հարգարժան բնակիչներ

Սիրելի հայրենակիցներ

Մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է Առաջին հանրապետության օրը։

Շնորհավորում եմ բոլորիս տոնական օրվա առթիվ։  

Մայիսի 28-ը մեր ժողովրդի պատմության մեջ աննախադեպ ու պատմական իրադարձություն է։

Դարեր շարունակ պետություն ու պետականություն չունեցող ժողովուրդը թոթափեց իր ուսերին դրված մեծ բեռը և 1918թ. ոչ միայն ինքնակազմակերպվեց, այլ նաև ստեղծեց պետություն:

108 տարի անց էլ Առաջին հանրապետության ստեղծման օրը մեզ համար եղել և մնում է ոչ միայն խորհրդանշական, այլ նաև պատմական և կարևորագույն օր:    

Առաջին Հանրապետությունը ստեղծվեց մեր ժողովրդի համար ծանր ու բախտորոշ ժամանակահատվածում, ու մայիսի 28-ն էլ դարձավ ճամփաբաժան՝ փոխելով մեր պատմության ուղին, հային վերադարձնելով իր ինքնությունը, ձևակերպելով մեր նպատակներն ու ապագան:

Չնայած երկուսուկես տարվա կենսագրությանը՝ Առաջին հանրապետությունը  կատարեց իր պատմական առաքելությունը՝  հիմք դնելով քաղաքացու գիտակցության ձևավորմանը։  

Օրը լավագույն առիթ է՝ միավորվելու ազգային համախմբման գաղափարախոսության և մեր երկրի զարգացման գաղափարների շուրջ, վերահաստատելու մեր հանձնառությունը պետականաշինության գործում։

Անկախությունը, ազգային պետականությունը գերագույն արժեքներ են, ու այդ արժեքների կենսագործումը կա ու մնում է մեր ամենօրյա աշխատանքի առանցքում։

Սիրելի հայրենակիցներ

Իմ, համայնքի ղեկավարի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների և համայնքի ավագանու անունից ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս հայ ժողովրդի համար պատմական ու նվիրական օրվա՝ Մայիսի 28-ի առթիվ:

Մաղթում եմ ոգու կորով, մեծագույն կամք, միասնականություն, հավատ ապագայի նկատմամբ: Արժանի լինենք մեր բոլոր ժամանակների հերոսների պայքարին, նրանց թողած պատգամներին,   մեր նվիրումի ու ջանադիր աշխատանքի շնորհիվ ստեղծենք  ուժեղ ու հզոր պետություն՝ հանուն մեր երկրի կայուն առաջընթացի ու մեր ժողովրդի բարօրության: