Սևան քաղաքում շարունակվում են ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները

Սևան համայնքում ճանապարհաշինական, փողոցների նորոգման ծրագրերն ու աշխատանքները դիտարկվում են որպես առաջնահերթություն։ Վերջին տարիներին միմյանց են հաջորդում ոլորտային սուբվենցիոն և ընթացիկ ծրագրերը, որոնց շնորհիվ ներհամայնքային մի շարք ճանապարհներ և բակային տարածքներ ստացել են երկրորդ շնչառություն։

2025 թվականին հաստատված ճանապարհաշինական սուբվենցիոն ծրագրի շրջանակներում այս տարի մեկնարկել և շարունակվում են «Սևան քաղաքի Աշոտ Երկաթ, Կոմիտաս, Բաբաջանյան, Ելենովկա, Բարեկամության, Խաղաղություն փողոցների ասֆալտապատման աշխատանքներ» ենթածրագրով ներառված աշխատանքները:

Աշխատանքները մեկնարկել են Խաղաղության փողոցից, որը ներառում է 712 գծմ: Ենթածրագրի պայմանագրային արժեքը՝ 153 255 560 ՀՀ դրամ է:

Խաղաղության փողոցի հիմնանորոգման զուգահեռ իրականացվում են ծառատնկման աշխատանքներ՝ ապահովելով հիշյալ փողոցի ներկայանալի տեսքը:

Հիմնանորոգման հաջորդ հասցեն Կոմիտաս փողոցն է, որը ներառում է 220գծմ տարածք: Ենթածրագրի պայմանագրային արժեքը՝ 29 484 590 ՀՀ դրամ է:

Ծրագրի շրջանակներում մեկնարկել են քաղաքի Բաբաջանյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները, որը ներառում է 440գծմ տարածք:

Ենթածրագրի պայմանագրի արժեքը 72 831 180 ՀՀ դրամ է:

Ծրագիրն իրականացվում է պետություն-համայնք 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ:

Աշխատանքները ներառում են ասֆալտբետոնե ծածկույթի կտրում, հիմքի իրականացում, բիտումի տարածում, ծածկույթի պատրաստում, դիտահորերի և անձրևընդունիչների ծածկի սալերի ապամոնտաժում և վերատեղադրում, դիտահորերի պատերի բարձրացում, անձրևընդունիչների մաքրում և այլ շինաշխատանքներ։

Տեղեկացնենք, որ առաջիկայում այս ծրագրի շրջանակներում իրականացվելու են Ելենովկա, Բարեկամություն, Աշոտ Երկաթ փողոցների ասֆալտապատման աշխատանքները: