Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, համայնքապետարանի աշխատակազմը, Սևանի հիմնարկ-ձեռնարկությունների, կազմակերպությունների, կրթօջախների ներկայացուցիչներ, սևանցիներ Սևանի քաղաքային պանթեոնում կատարեցին պսակադրման և ծաղկադրման արարողություն` հարգանքի տուրք մատուցելով բոլոր ժամանակների մեր հերոսներին: Հոգևոր դասի տերկայացուցիչները կատարեցին խաղաղության համար զոհվածների հոգեհանգստյան կարգ:
Մայիսի 9-ը նաև մեր հերոսների հիշատակի ու նրանց գործած սխրանքների առաջ խոնարհումի օր է: Հայ ժողովուրդը միշտ էլ հպարտացել է իր նախնիների հերոսությամբ ու գործած սխրանքներով, որոնք մոտեցրին այնքան թանկ խաղաղությունը:
Պսակադրման և ծաղկադրման արարողակարգ կատարվեց նաև Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում գտնվող 2020 թվականի 44-օրյա պատերազմի և հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հուշաքարին:


Սևան համայնքի բնակավայրերում ևս Մայիսի 9-ի առթիվ բնակավայրերի վարչական ղեկավարները և աշխատակիցներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հայրենական Մեծ պատերազմում և արցախյան հերոսամարտերում նահատակված հերոսների հիշատակին` կազմակերպելով պսակադրման և ծաղկադրման արարողություններ:
—
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի կենտրոնի հարակից հրապարակում Սևան համայնքի պարային համույթները բոլորին հրավիրել էին շուրջպարի:


