Հարգելի հայրենակիցներ, Սևան համայնքի բնակիչներ
Շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ, որը յուրաքանչյուրիս համար նվիրական ու թանկ տոն է։
Մենք տոնում ենք Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրը, հաղթանակը կերտելու ճանապարհին ևս մեկ անգամ արժևորում հայ ժողովրդի անուրանալի դերը ու վերահաստատում մեր հանձնառությունը խաղաղ ու անվտանգ հայրենիք, հզոր պետություն կերտելու գործում:
Հայ ժողովուրդն իր նշանակալի ավանդն է ունեցել այս պատմական հաղթանակի կերտման գործում. հարյուր հազարավոր հայորդիներ ամենատարբեր ռազմաճակատներում մարտնչել են ու կերտել նվիրական հաղթանակի օրը:
Տասնամյակների հեռավորությունից ավելի քան կարևորվում են Երկրորդ համաշխարհային պատերազմում մեր պապերի գործած սխրանքները և հերոսացումը: Ռազմի դաշտից մինչև թիկունք նույնն էին ցանկություններն ու նպատակները, և բաղձալի հաղթանակի օրն էլ վերահաստատեց մեր արժանապատիվ ու խաղաղ ապրելու իրավունքը:
1945 թվականի մայիսի 9-ից 81 տարի անց էլ մեզ համար արդիական է խաղաղության համար ամենօրյա պայքարը, որը յուրաքանչյուրիս գերակա նպատակն է:
Թեև մեր բազմաբնակավայր համայնքի՝ Մեծ հայրենականի մասնակիցներից ոչ ոք այլևս ողջ չէ, սակայն նրանց գործած սխրանքն ու օրվա խորհուրդն այլևս սերունդներինն են:
Մեր պապերի սխրանքներն ու անձնուրաց պայքարը չի մոռացվում, նրանց հիշատակը մնալու է վառ՝ դառնալով ոգեշնչման աղբյուր:
Փառք նրանց, որոնք ընկան մարտի դաշտերում:
Մեր խոնարհումը՝ խաղաղություն նվաճած ու հերոսացած բոլոր ժամանակների հերոսներին:
Մայիսի 9-ին մեկ անգամ ևս գնահատելով և արժևորելով մեր հաղթանակները` վերահաստատում ենք հզոր հայրենիք ունենալու մեծագույն պահանջը, որը միաժամանակ ազդակ է` միավորել ջանքերը մարդկությանն սպառնացող վտանգների դեմ, խաղաղության օրակարգը դարձնելով գերակա:
Մեր համախմբման ու միասնականության շնորհիվ կարող ենք և պետք է կերտենք հզոր, կայացած ու ինքնաբավ երկիր. այդ էին երազում մեր բոլոր ժամանակների հերոսները, իսկ մենք պարտավոր ենք նրանց չիրականացած երազանքներն իրագործել:
Յուրաքանչյուրս մեր տեղում, մեր աշխատանքով պետք է դառնանք մեր երկրի անվտանգության և հզորացման երաշխավորը:
Սևան համայնքի հարգելի բնակիչներ
Իմ, համայնքի ղեկավարի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների և համայնքի ավագանու անունից շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ:
Լինենք հավատարիմ բոլոր ժամանակների հերոսների երազանքներին, շարունակենք նրանց գործը` առավել ամրացնելով խաղաղությունը, առավել հզորացնելով մեր երկիրը: Թող հաղթանակներ գրանցվեն մեր կյանքի բոլոր ոլորտներում, որի կարիքն ու անհրաժեշտությունը մեր հայրենիքն ու ժողովուրդը շատ ունեն, ամրապնդենք անվտանգությանն ուղղված մեր բոլոր ջանքերը` վերահաստատելով արժանապատիվ ապրելու մեր իրավունքը:
Խաղաղություն և բարօրություն` մեր ընտանիքներին, հզորացում և կայուն առաջընթաց՝ մեր պետությանը։
Փառք բոլոր ժամանակների մեր հերոսներին:
